Հ.− Տիկին Խառատեան, «Խօսել միմեանց հետ» ծրագրին մասնակից էք եւ ղեկավար, միաժամանակ «Հազարաշէն» կազմակերպութեան անդամ, առաջին անգամ չէ որ կը մասնակցիք Հայաստան−Թուրքիա մերձեցման ծրագրերու. կ՚ըսեմ «Հայաստան−Թուրքիա» եւ ո՛չ «հայեւթուրք», որովհետեւ վերջապէս պետական մօտեցում մը կայ այդտեղ, որ Սփիւռքը կ՚անտեսէ կամ չի ներառներ… Անցեալին արտայայտուած էք այս թակարդին մասին…
Պ.- Լաւ հարցեր են, բայց պիտի առարկեմ ձեզ այն առումով, որ այս քաղաքացիական ծրագրերը բնաւ իրենց մէջ չեն պարունակում այն բովանդակութիւնը, թէ իբր Հայաստանը շրջանցում է Սփիւռքը. բո՛լորովին։ Հասկանում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ստորագրուած արձանագրութիւնները առիթ հանդիսացան այս խօսակցութիւնների։ Ճիշտն ասած՝ այդ մեկնաբանութեանն էլ համաձայն չեմ, բայց դա արդէն ուրիշ նիւթ է։ Ինքս անձնապէս դէմ եմ այդ արձանագրութիւններին։ Ինչ վերաբերում է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, ապա այս խնդիրը պէտք է քննարկել՝ յատկապէս Ցեղասպանութեան հարցում ինչպէս պէտք է լինի։ Այստեղ մի նրբութիւն կայ. «Հազարաշէն»ը բացարձակ դուրս է պետական ծրագրերի դաշտից, ինչը չեմ կարող պնդել Թուրքիոյ հասարակական կազմակերպութիւնների վերաբերեալ. մօտ մէկ տարի առաջ, Էրտողանը բառացի յայտարարեց. “Ես յանձնարարել եմ Թուրքիոյ հասարակական կազմակերպութիւններին՝ աշխուժացնել իրենց քննարկումները հայկական կողմի հետ”… Եթէ երկրի նախագահը կարող է յանձնարարել հասարակական կազմակեպութիւններին (ՀԿ), դա նշանակում է, որ նա դրանց եւ դրանց ծրագրերի ուղղորդողն է։ Չեմ ուզում ասել՝ սա լաւ է թէ վատ, պարզապէս արձանագրում եմ փաստը։ Հայաստանի ՀԿ-ներն էլ, տեսականօրէն վերցրած, չեմ կարող ասել, որ զերծ են պետական ազդեցութիւնից. յամենայն դէպս, հիմնական հարցերի շուրջ մօտեցումները համընկնում են։
Հ.− Այս ամէնը հետաքրքրական փակագիծ մըն էր:
Պ.- Անձամբ ես աշխատած լինելով Սփիւռքի հետ շատ տարբեր առիթներով՝ այս ծրագրում պիտի ջանամ, որ այն մնայ իբրեւ Հայաստանի ծրագիր։ Խնդիրը այն է, որ Ցեղասպանութիւնից փրկուածները, որոնք հանգրուանել են Խորհրդային Հայաստանի տարածքում, շատ քիչ են ուսումնասիրուել ընկերաբանական տեսանկիւնից. նրանց ապրումները, ընթացիկ կեանքը, ակնկալիքները շատ քիչ են ընդգրկուել Ցեղասպանութեան քննարկումներին. այս գործը աւելի շատ կատարուել է Սփիւռքում։ Պատմեմ ձեզ մի հետաքրքրական դրուագ. մեր հրատարակած գրքի մէջ կայ Վասակ Թորոյեան անունով մարդու պատմութիւնը, թէ ինչպէս նա 2000ին Հայաստանից գնում է Արեւմտեան Հայաստան եւ այնտեղ գտնում իր պապենական գիւղը, 2 ժամանոց յուզիչ հանդիպում ունենում բնակիչների հետ. Ստամպուլում Մարկ Նշանեանը, դեռ հրատարակութիւնից առաջ թարգմանիչին օգնելու ժամանակ, կարդացել էր այս պատմութիւնը եւ զարմացել, որ Հայաստանում կարող է այս զգացմունքների կրողը լինել։ Այնքան Սփիւռքում վստահ են, որ Հայաստանում չի կարող Ցեղասպանութեան զգացմունքների իրական կրողը լինել… Մինչդեռ Վասակ Թորոյեանի զգացմունքները շատ տարածուած են, ինքը «միջին մոտէլ» է միայն՝ ոչ ամենացայտուն։ Այս առումով, մեր նպատակն է՝ հրապարակ բերել հայաստանեան զգացմունքի կրողին։ Հայաստանը շատ տարբեր է Սփիւռքից. շատ կան Արեւելահայեր, որոնք, տուեալ դէպքում՝ բարեբախտաբար, Ցեղասպանութեան ուղղակի՝ անհատական յիշողութեան կրողը չեն, այլ միայն սոցիալական (ընկերային - «ՆՅ») եւ պատմական։ Նրանք թաքուն կերպով են խօսել Ցեղասպանութեան անհատական կրողների հետ՝ այդ նիւթի շուրջ, եւ սա բոլորովին այլ ձեւով է անթեղել եւ մեզ հասցրել Ցեղասպանութեան յիշողութիւնը։ Մեր աշխատանքի խնդիրը, սակայն, ամենեւին էլ Ցեղասպանութեան վկայութիւն հաւաքելը չէ, ինչպէս սովորաբար անում է յուշագրութիւնների մեծ մասը. մեր նպատակն է՝ հասկանալ երրորդ-չորրորդ սերնդում սոցիալական եւ անհատական տրաւմատիկ (վիրային - «ՆՅ») յիշողութիւնը։ Սա մեծ չափով միայն Հայաստանում է հնարաւոր անել, որովհետեւ Սփիւռքում շատ վաղուց բարձրաձայնուել է։ Ահա թէ ինչու ես պնդել եմ, որ ծրագիրը լինի «Հայաստան-Թուրքիա» ուղղուածութեան։ Բացի այդ, հիմա Հայաստանից են, որ գնում են հայ մարդիկ Թուրքիա աշխատելու, Սփիւռքահայեր չեն գնում… Ինչո՞վ է սա թելադրուած՝ նոյնպէս քննարկելի խնդիր է եւ հետաքրքիր խնդիր է։ Բայց եւ նրանք շփւում են Թուրքի հետ՝ ունենալով մի դէպքում կամ սոցիալական, համարեա գնում են մարդիկ, որոնք Ցեղասպանութեան սերունդ չեն, Արեւելահայեր են, բայց կան որ եկել են 19րդ դարում, Կարսի-Մուշի տարածքից տեղափոխուած եւ այլն, փորձել ենք հասկանալ այդ հետազօտութեան միջոցով, եւ կարծում եմ, որ դա մի մասնաւոր հետազօտական դաշտ է, այսինքն՝ մեր ընդհանուրի մէջ ինքը առանձին սեգմենտ (հատուած - «ՆՅ») է, առանձին մի խնդիր է, եւ պէտք է այս խնդիրը հասկանալ։ Մի կարեւոր խնդիր էլ կայ. մեր գրքում հայկական մասը կոչւում է «Ո՞ւմ ներես, ի՞նչը ներես»։ Այս հարցը ուղղուած է այն առաջարկին, որը երբեմն հնչեցւում է նաեւ միջազգային ատեաններում, որ Հայաստանը պէտք է ներելով լուծի Ցեղասպանութեան խնդիրը։ Հարցը հռետորական չէ, այլ շատ կոնկրետ (յստակ - «ՆՅ»). պիտի ների անցեալի դահիճների՞ն։ Բայց Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ 1938ին տեղի ունեցաւ Տէրսիմի ցեղասպանութիւնը, 1940ին եղաւ ոչ-մուսուլման բնակչութեան զինուորահաւաք, 1956ին եղան Ստամպուլի ջարդերը, 1993-94ին՝ Տէրսիմում գիւղական բնակչութեան (զազա-ալեւիների եւ ալեւիացած հայերի) իսպառ տեղահանումը։ Այսինքն՝ այս երկրում ցեղասպանական մեթոտները շարունակում են գործել էթնիկ (ցեղային - «ՆՅ») խնդիրների լուծման մէջ։ Եւ արդեօ՞ք ժամանակակից Թուրքիայում ընկալուած եւ հասկացուած է անցեալում կատարուածը, որ հիմա էլ ներելու հարց դրուի. ի՞նչը ներուի։ Այս փուլում շատ կարեւոր է, որ խնդիրը հայաստանեան լեզուով բարձրաձայնուի, քանի որ ի վերջոյ իրաւական հարթութիւնում Հայաստան պետութիւնը պիտի յարաբերուի Թուրքիոյ պետութեան հետ։
Հ. Իսկ այս ներկայ ծրագիրը, որ գերմանական նախաձեռնութիւն մըն է, ինչո՞վ կը տարբերի միւսներէն եւ ինչո՞ւ ընդունած էք մասնակցիլ։
Պ. Նախ, ծրագրերի մեծ մասը, ինչպէս յայտնի է, միշտ միջնորդ կողմ ունի, որը ենթադրաբար ունի նաեւ իր շահերը տուեալ մերձեցման ծրագրի մէջ։ Մեր ծրագիրը միւսներից տարբերւում է նրանով, որ այն ընդհանուր առմամբ գնում է պատմութեան խորք եւ չի քննարկում զուտ այսօրուայ հասարակութիւններում առկայ իրողութիւններ։ Մեր հրատարակած գրքում որոշ չափով անհաւասարակշռութիւն կայ. հայկական կողմի ամբողջ յիշողութիւնը միայն բուն Ցեղասպանութեան շրջանի յիշողութիւն է, թուրքական կողմի բանասացների «յիշողութիւնը»՝ ընդհանուր տեսական բնոյթի դատողութիւններ են։ Եթէ մենք երկուսով չենք կարողանում գնալ նոյն հարթութեան, ինչպէ՞ս մեր հասարակութիւնները կարող են գնալ. այ այս խնդիրը մենք ձեւակերպում ենք։ Սա շատ բարդ ընթացող ծրագիր է. մենք անընդհատ ծանր հակամարտութիւնների մէջ ենք։ Կարծեմ որ այս ծրագրի մէջ ընդգրկուած մէկը չկայ, որ մի քիչ հիւանդացած չլինի։ Բոլորը ամէն րոպէ ասում են՝ վե՛րջ, պէտք է կանգնել, մենք չենք կարող առաջ գնալ, անընդհատ փակուղի ենք մտնում. արտադրանքը բաւական քիչ է. այս գիրքն է, այս ցուցահանդէսներն են՝ Թուրքիա, Հայաստան, Կիպրոս, Վրաստան, Գերմանիա եւ հիմա Ֆրանսիա, այն գիտաժողովն է եւ նրա նիւթերը, հիմա ամփոփւում է մի շատ հետաքրքիր ձեռնարկ. անցեալ ամառ 10 թուրք եւ 10 հայ ուսանողներ գնացին Մուշ՝ նիւթեր հաւաքելու։ Յետոյ եկան Հայաստան եւ Մուշից փրկուածների սերունդների մէջ էին փորձում տեսնել, թէ ինչ գիտեն նրանք Մուշի մասին. շուտով պատրաստւում է այդ նիւթերի հրատարակութիւնը։ Թուրք ուսանողները, որպէս կանոն, չեն դիմանում այս փորձութեանը, ծրագրի կէսից մի մասը հեռանում է, միւսներն էլ յետոյ հրաժարւում են հայկական խնդիրներով զբաղուել. մէկը մնաց միայն։ Նոր խումբ հաւաքուեց՝ Հայաստանից եւ Թուրքիայից, մեր խնդիրն էր նաեւ՝ առաւելագոյն շատ մարդ բերել այս քննարկումների դաշտ. հայ ուսանողները բոլորը սկզբից մինչեւ վերջ մնացին, բայց թուրք ուսանողները կիսուեցին դարձեալ՝ հէնց Մուշից գնացին։ Կայ մի քանի բացատրութիւն. նրանք նախ իսկապէս չգիտեն եւ խանդավառուած դիմում են մասնակցելու մրցոյթին, յետոյ երբ որ անցնում են՝ Ստամպուլից գալիս են Մուշ, տեսնում են բաւական ծանր՝ իրենց հասկացածի համեմատ, իրավիճակ. Քրդեր, որոնք նոյնքան դժգոհ են Թուրքերից, միշտ ահաբեկչութեան մասին խօսակցութիւն է Մուշում, միշտ կարող են կրակոցներ լինել, պարզւում է, որ մարդիկ շատ լաւ յիշում են, որ Մուշում Հայերին կամրջից ցած նետելով են սպանել, եւ թուրք ուսանողի համար սա դժուար դիմանալի ծրագիր է բնականաբար։ Հիմա նիւթի շարադրանքի փուլում էլ անընդհատ խնդիրներ, վէճեր կան՝ մի կողմից չեն ուզում բանասացի խօսքին հաւատարիմ չլինել, միւս կողմից էլ ցաւ են ապրում, որ պէտք է գրեն թէ «Թուրքը սպանեց»։ Քանի թուրքական կառավարութիւնները իրար ետեւից այսպիսի ժխտողական կեցուածք են ընդունում եւ չեն էլ փորձում խնդրին մօտենալ, թուրք ժողովուրդը պատանդ է մնում՝ որպէս Ցեղասպանութեան հիմնական մեղաւոր։ Տեսէ՛ք, երբ որ Գերմանիայի պարագայում Հոլոքոստի պատասխանատուները ձեւակերպուեցին որպէս «ֆաշիստներ» եւ այդ բնորոշումը դարձաւ զուտ գաղափարական՝ ազգային երանգաւորումից զերծ, բաւական թեթեւացաւ քննարկման հնարաւորութիւնը։ Թուրքիայի պարագայում՝ միշտ «թուրք» բառն է, որ հոլովւում է։ Սակայն ոճրագործ ժողովուրդներ չեն լինում, ոճրագործ քաղաքական ծրագրեր, անձինք են լինում, որոնք իրենց ետեւից պարտադրաբար կամ գրգռելով տանում են ամբոխներին եւ քրէական տարրերին։ Քանի դեռ թուրքական իշխանութիւնները կառուցողական մօտեցում չեն ցուցաբերում, թուրք ժողովուրդը մնում է որպէս այս ամէնի պատասխանատու։