Նոր բաժին` Dasaran.am կայքում


Նոր բաժին` Dasaran.am կայքում

  • 11-01-2013 12:38:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում «Dasaran.am» կրթական ծրագրի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից ներկայացվեց Dasaran.am-ի կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը:

Հատուկ ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն»-ը թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:
Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նշենք, որ մասնագիտության ընտրությունը հնարավոր է անել` քննական առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով: 
Ասուլիսի ընթացքում «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց նաև Dasaran.am-ի նոր կայքը` լի նոր հնարավորություններով և իր օգտատերերի համար պատրաստված «Հանրագիտարան» և «Առողջապահություն» բաժիններով, անդրադարձ կատարվեց նաև կրթական ծրագրի հետագա պլաններին: 
Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում 502 դպրոց` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 ուսուցիչներ և 20.256 ուսուցիչներ: 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն և 42.271.801 էջադիտում:
 
 
 
 
 
 
 
 
Dasaran.am-ի մասին
 
«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի  առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն  հասանելի է արդեն Երևանի և ՀՀ մարզերի ընդհանուր թվով 502 դպրոցներում: Ծրագիրն ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես`  2012թ.-ի փետրվարի 8-ին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ՝ 2011թ. օգոստոսին,  «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր առաջին փուլում Երևանի, ապա` ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի՝ նախկինում վճարովի ծառայություններն դարձան անվճար:  
 
Ծրագրի նպատակն է դյուրացնել  ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play