Փիթըր Բալաքյան` «հայկական» հիշողությամբ ամերիկյան բանաստեղծ
11-01-2013 23:29:12 | ԱՄՆ | Նշանավոր հայեր
Փիթըր Բալաքյանը ծնվել եւ մեծացել է Ամերիկայում, Նյու-Ջերսիում։ Նա ծնունդով հայ է եւ երրորդ սերնդի ամերիկացի։ Փիթըրը հինգ բանաստեղծական ժողովածուների եւ երկու «բեսթսելլեր» վեպերի հեղինակ է։ Սկսած ութսունականների կեսերից նրա բանաստեղծությունները ընդգրկվում են ժամանակակից ամերիկյան պոեզիայի բոլոր անթոլոգիաներում։
Փիթըր Բալաքյանի ստեղծագործությունը` եւ՛ պոեզիան, եւ՛ արձակը, ամերիկյան գրականության անվիճելի փաստն է, անքակտելի մասը։ Դա ընդգծելու կարիքը կա, որովհետեւ այստեղ ամեն բան այնքան էլ միանշանակ ու պարզ չէ։ Բանն այն է, որ բանաստեղծը նայում է աշխարհին «հայկական աչքերով», կյանքի երեւույթներն ընկալում ու գնահատում է իր «հայկական չափանիշնրով»։ Բալաքյանի ստեղծագործությունը հիմնականում նրա հայկական գիտակցության, հայկական աշխարհընկալման արդյունքն է։
Այստեղ մենք մեծ եւ անվիճելի դեր ենք հատկացնում Մեծ եղեռնի մասին նրա լսած այն պատմություններին, որոնք դարձան ապագա բանաստեղծի եւ նրա սիրելի տատիկի միջեւ եղած հոգեւոր կապի թերեւս ամենագլխավոր, ատաղձային մասը, նրանց «փոքրիկ գաղտնիքը», նրանց շփման ու երկար, անվերջ զրույցների առարկան։
Դա այն թեման էր, որին այդպես էլ երբեք չհամարձակվեց ձեռնամուխ լինել արձակի նույնիսկ այնպիսի մեծ վարպետը, ինչպես Հրանտ Մաթեւոսյանը։ Այդ առիթով իր զրույցներից մեկում նա ասաց այպես. «Ցեղասպանության թեման յոթ գլուխ ունեցող վիշապ է, որի երախից կրակ է թափվում եւ այրում է ինձ, չի թողնում իրեն մոտենալ»։
Եղեռնի թեման Փիթըր Բալաքյանի համար դարձավ մարտահրավեր, եւ նա ընդունեց այդ մարտահրավերը։ Եվ պատմեց իր ցավի, իր ընտանիքի եւ իր ժողովրդի ողբերգության մասին համայն աշխարհին։
Զարմանալի է, որ մի մարդ, որը ծնվել ու ողջ կյանքը ապրել է Նյու-Յորքի ամենաթանկ արվարձաններից մեկում, այդպես էլ չդարձավ քաղաքագիր բանաստեղծ, եւ դրա փոխարեն գրում էր Դեր-Զորի անապատի մասին, մարդկային տառապանքների, ֆանտասմագորիկ կերպարներ էր կերտում, նատուրալիստական մանրամասնություններով նկարագրում էր, թե ինչպես է տատը գառան մսից ապուր եփում, բանաստեղծական պատկերներ էր հյուսում ազգագրական` ընդ որում բացարձակ ճշգրիտ «շինանյութից»։
Փիթըր Բալաքյանը ասում է. «Իմ ճանապարհորդությունը բանաստեղծի կարգավիճակում ինձ բերեց դեպի իմ հայկական անցյալը, մասնավորապես` դեպի մեր ընտանիքի կողմից վերապրած ցեղասպանության փորձը»։ Նա խոսում է հիշողության մասին իբրեւ մի կառուցողական ուժի, ամեն ինչի համար իր անձնական պատասխանատվության զգացումը բարձրացնում է մինչեւ փիլիսոփայական կատեգորիա։ Նա հստակ գիտակցում է, որ գործ ունի չբուժվող վերքի հետ, համաժողովրդական վշտի հետ (հիշենք Թումանյանին. «Հայոց վիշտը անհուն մի ծով է»), եւ նշում է. «Որպես բանաստեղծ ես գործ ունեմ վնասվածքի, հիշողության, ցեղասպանության հետ»։
Ցեղասպանության չընդունելը մեղավոր երկրի կողմից ավելի է սաստկացնում ցավը։ Եղեռնը բանաստեղծի ընկալմամբ` մթագնած արեւ է, դարի մթնշաղ, մարդկային քաղաքակրթության անկում, հոգեւոր աշխարհի վերջ։ Աշխարհը դուրս է եկել իր հունից, մարդիկ կորցրել են պատմական հեռանկարի զգացողությունը, զարգացման անընդհատությունն ու ժամանակների կապը բիրտ ձեւով խախտվել է։ «Իմ հինգ բանաստեղծական ժողովածուներում, - շարունակում է Փիթըրը, - շատ բանաստեղծություններ կան, որոնք ոգեշնչված են պատմության զգացողությամբ` մասնավորապես, ժառանգված են հայերի ցեղասպանության վնասվածքով»։
Եղեռնի, իր ժողովրդի պատմական ողբերգության իմաստավորման թեման, դառձել է բանաստեղծի ստեղծագործության ատաղձը, միջանցիկ նյութը։ Բանաստեղծական, հոգեբանական վիճակների հավաստի նկարագրումը, պատումի խոստովանական ինտոնացիան, երանգը, ամբողջ կառուցվածքը, ֆրազների դասավորությունը, մանկության եւ վաղ պատանեկության տարիներին լսած պատմությունների տաղանդավոր գեղարվեստական վերաստեղծումը նա դարձնում է համամարդկային պատուհաս, ողբերգություն, ընթերցողին դրանց մասնակիցն է դարձնում եւ ստիպում է զգալ, գիտակել, ըմբռնել սեփական պատասխանատվությունը կատարվածի համար։ Այն, ինչ ժամանակին այնքան հեռավոր եւ օտար էր թվում, դառնում է մոտ ու հարազատ։ Կարելի է ասել, որ Փիթըր Բալաքյանին հաջողվում է արթնացնել, շարժել բնածին մարդասիրության գենը նույնիսկ անտարբեր մարդկանց մեջ, առաջացնել նրանց մեջ դաժանությունն ու անարդարությունը մերժելու ցանկություն։ Նրա պոեզիան մարտահրավեր է` նետված անդեմ անտարբերությանը։
Եվ այնուամենայնիվ, որքան էլ որ ուժեղ լինի «արյան կանչը», այն ընդունակ չէ հաղթահարել, ջնջել ամերիկյան աշխարհայացքը, ամերիկյան մտածելակերպը։ Դա որոշակի բարդություններ է ստեղծում բանաստեղծի դասակարգման, նրա «կարգավիճակը», այս կամ այն ազգային ավանդույթին ու մշակույթին պատկանելու խնդիրը որոշելու հետ։ Այն, որ Փիթըր Բալաքյանի ամբողջ կյանքի գլխավոր թեման նրա եղեռնը վերապրած ընտանիքի պատմությունն է, դեռեւս թույլ չի տալիս մեզ նրան հայ գրող համարել եւ նրա ստեղծագործությունները հայ գրականության փաստ համարել` թեկուզ այն պատճառով, որ նա անգլերեն է գրում եւ նրա ստեղծագործության սնող միջավայրը Ուիթմենի, Էմիլի Դիկինսոնի, Թեոդոր Ռյոտկեի, Կարլ Սենդբերգի, Էզրա Փաունդի, Ալեն Գինզբերգի բանաստեղծական ավանդույթներն են։ Փիթըրը ծնվել եւ իր ողջ կյանքը անց է կացրել ամերիկյան հողի վրա, նրա մտածելակերպը եւ աշխարհընկալումը ներծծված են ամերիկյան ոգով։ Ուիլյամս Կարլոս Ուիլյամսի արտահայտությամբ, Փիթըր Բալաքյանը իր ստեղծագործության, մասնավորապես, իր պոեզիայի լեզուն ամերիկյան խոսք համարելու բոլոր հիմքերն ունի։
Փիթըր Բալաքյանը մշակել է իր սեփական, խորաթափանց, անկրկնելի եւ անզուգական ոճը, նկարագրական գրելաձեւը։ Նա վառ արտահայտված անհատական ձայնի, աշխարհը անձնավորված ձեւով տեսնող բանաստեղծ է, եւ ամերիկյան գրաքննադատները նրա «անհատ-բանաստեղծների» շարքին դասելու բավարար հիմքեր ունեն։ Նրան խորթ է բառախաղի եւ բանաստեղծական աճպարարության որեւէ դրսեւորում։
Փիթըր Բալաքյանը փաստագրական մանրամասներով նույնիսկ չափից դուրս հարուստ ամերիկյան գրականություն բերեց պատմական համատեքստը, ժամանակային տարածության կատեգորիան։ Նա փաստորեն դուրս բերեց ամերիկյան պոեզիան մշակութային կաղապարվածությունից, «հերմետիկությունից»։
Փիթըր Բալաքյանի պոեզիան ինքնին բավական բարդ է, թեեւ նա չի ձգտում բարդության, չի գնում իր բանաստեղծությունները դժվար ընկալելի դարձնելու ճանապարհով։ Մի շարք դեպքերում, երբ անհրաժեշտ է, նա արտահայտման նոր ձեւեր է ստեղծում։
Հայ գրաքննադատությունը Փիթըր Բալաքյանին անգլալեզու հայ գրող է համարում, տիպաբանական զուգահեռներ տեսնելով Վիլյամ Սարոյանի, Լեւոն-Զավեն Սյուրմելյանի, Մայքլ-Առլեն-կրտսերի հետ։ Նույն շարքում են նաեւ Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Ալիսիա Կիրակոսյանը, Սոնա Վանը... Իրոք, շատ բան է մոտեցնում Փիթըր Բալաքյանին այլ սփյուռքահայ գրողների հետ, նա նույնպես սփյուռքի գրականության լիիրավ ներկայացուցիչ է։ Այնուամենայնիվ, մենք ճիշտ ենք համարում բնութագրել նրան որպես հայ ծագում ունեցող ամերիկյան գրող։ Հայ գրող անվանել նրան, մեր կարծիքով, ճիշտ չէ` թեկուզ այն պատճառով, որ Բալաքյանի պոեզիան որոշակիորեն խորթ է եւ անհասկանալի հայ ընթերցողի համար։
Որոշակի իմաստով Փ.Բալաքյանը «յուրային է օտարների եւ օտար է յուրայինների մեջ», նրա պոեզիան չի տեղավորվում ավանդական ամերիկյան պոեզիայի չափերի մեջ, սակայն ավելի քիչ է տեղավորվում մեր պատկերացումների մեջ եւ բարդ է մեր ընկալման համար։ Նույնիսկ նրա բանաստեղծությունները մեզ այդքան լավ ծանոթ եղեռնի մասին ամերիկյան ընթերցողին ավելի շատ բան են ասում, քան հայ ընթերցողին։ Կարծում ենք, ճշմարտությանն ավելի մոտ են ամերիկյան գրաքննադատները, որոնք Փիթեր Բալաքյանին դասում են «ակցենտով» բանաստեղծների շարքին։
Փիթըր Բալաքյանը ժամանակակից ամերիկյան գրականության մեջ զբաղեցնում է իր ուրույն տեղը` որպես գրող, որը դուրս է եկել ցեղասպանությունից եւ դատապարտված է գրել եղեռնի մասին։