Առաջին մկրտությունը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Առաջին մկրտությունը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

  • 09-03-2011 14:48:41   | Հայաստան  |  Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտության արարողություն: Սա առաջին մկրտությունն էր, որ կատարվեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականին՝ հենց դատապարտյալների ուժերով: 21 դատապարտյալներ մկրտվեցին քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի եւ Շիրակի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից: «Դուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլեւ Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սերն էր», - նշեց Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Հայր Սուրբը հորդորեց մկրտվածներին աղոթքի մոջոցով մշտապես Աստծո ներկայությունն ունենալ իրենց կյանքում եւ վստահություն հայտնեց, որ այս մկրտությունը օրինակ կծառայի շատերի համար, կմատնանշի դժվարությունները հաղթահարելու եւ դարձի գալու ճանապարհը: Այս առիթով մկրտվածներին փոխանցվեցին նաեւ մկրտության խաչեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից:
Նոյյան տապան  -   Հասարակություն