Մարդ-նվագախումբը՝ Գեորգի Գարանյան


Մարդ-նվագախումբը՝ Գեորգի Գարանյան

  • 16-01-2013 09:56:30   | Հայաստան  |  Նշանավոր հայեր

 

Հայկական ծագում ունեցող ռուսաստանյան ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի փառքն ու ճանաչումն այսօր հիրավի անծայրածիր է, այն չի ենթարկվում որեւէ աշխարհագրական սահմանների։ Նրա հեղինակած ստեղծագործությունները, երաժշտական գործիքավորումներն ու կատարումները հանրահայտ են, ծանոթ են բոլորին։
 
Իր միլիոնավոր երկրպագուների երեւակայության մեջ նա մնում է տակավին երիտասարդ, առույգ ու եռանդուն։ Դժվար է հավատալ, բայց նա արդեն 75 տարեկան է (ծնվել է 1934 թ. օգոստոսի 15-ին)։ Ոչ միայն երկրպագուները՝ երաժիշտն ինքն էլ ամենեւին չի զգում իր տարիքը եւ այդ մասին միշտ խոսում է մի տեսակ ինքնահեգնանքով։ «Երբ ես իսկապես գիտակցեցի, որ ութերորդ տասնամյակ եմ մտնում, սկզբում սարսափեցի, սակայն այժմ արդեն ընտելացել եմ։ Ճիշտ է՝ 70 տարին ոչ 50 է եւ ոչ էլ նույնիսկ 60։ Երբ որոշ երիտասարդներ ինձ ասում են. այ եթե ես ձեր տարիքում լինեի, - ես նրանց պատասխանում եմ. դուք դեռ իմ տարիքին հասեք, տղաներ։ Չէ որ այս տարիքին հասնելն ինքնին ինչ-որ տեղ սխրանք է։ Ինձ թվում է, որ վաթսունից հետո ինձ մոտ նոր կյանք սկսվեց, թեեւ ընդունված է ասել, որ դա թոշակի տարիք է… Այնուամենայնիվ ես աշխատանքի մեջ ինձ չեմ խնայում եւ չեմ ուզում ինչ-որ ձեւով փոխել իմ կենսական ռիթմը։ Ես հանգստի անցնելու կարիք չեմ զգում։ Այժմ ես երեք մեծ կոլեկտիվ եմ ղեկավարում. Օլեգ Լունդսթրեմի նվագախումբը, «Մելոդիա» համույթը եւ «Բիգ-Բենդը»։ Այնպես որ թոշակի անցնելու մասին մտածելու անգամ ժամանակ չունեմ։ Էստրադան, ջազը դա միայն մասնագիտություն չէ։ Դա կյանքի ոճ է, աշխարհըմբռնում…»։
 
Իր ակունքների մասին Գարանյանը երբեք չի մոռանում եւ պատմում է այդ մասին հետեւյալ ձեւով. «Իմ ծնողները մոսկվացի են, սակայն հայրս ծնունդով Արեւմտյան Հայաստանից է, այն այժմ Թուրքիայի տարածքում է գտնվում։ Նա հայ էր եւ 1915 թ. հայերի Մեծ եղեռնի ականատեսն ու զոհն էր։ Այն ժամանակ նա կորցրեց իր ծնողներին, քույրերին, եղբայրներին եւ փախավ Ռուսաստան»։ Երաժիշտ-երգահանի հոր անունը Արամ էր, պապու անունը՝ Գեւորգ։ Հենց իր պապու պատվին էլ նա ստացել է իր անունը։
 
Ապագա երաժշտի ծնողները՝ ինչպես հաճախ է լինում, լավագույն մղումներով դրդված, ուզում էին, որ իրենց զավակը նյութապես ապահովված, հաջողակ եւ հասարակության կողմից մեծ պահանջարկ ունեցող մարդ դառնա։ Հայրը, որը մասնագիտությամբ ինժեներ էր եւ իր մասնագիտությունն ամենալավն էր համարում, երազում էր, որ որդին իր գործը շարունակի։ Իսկ մայրը՝ նա դպրոցի ուսուցչուհի էր, որդուն երաժշտական ապագա էր մաղթում։ Եվ բնականաբար յուրաքանչյուրը «վերմակն իր վրա էր քաշում»։ Իսկ Գեորգին, որպեսզի չվիրավորի ոչ հոր, ոչ էլ մոր զգացումները, որոշեց երկուսի ցանկություններին ընդառաջ գնալ։ Նա ավարտեց Մոսկվայի հաստոցաշինական ինստիտուտը, ստացավ ինժեներ-մեխանիկի դիպլոմ, սակայն ոչ մի օր այդ մասնագիտությամբ չաշխատեց։ Դրա փոխարեն նա աշխատանքի տեղավորվեց «Մոսկոնցերտ» ձեռնարկությունում՝ որպես ալտ-սաքսաֆոնահար։
 
Կողքից կարող էր թվալ, որ ակնհայտ ու մեծ երաժշտական տաղանդը՝ բազմապատկված նույնքան անտարակույս ու մեծ աշխատասիրությանը, պատանի երգահան-գործիքավորողի ստեղծագործական ուղին պետք է շատ հարթ ու դյուրին դարձնեին, եւ որ նա պարզապես դատապարտված է հաջողակ, ճակատագրով շոյված, ինչպես ասում են, իր բախտից առաջ ընկած մարդ դառնար։ Բայց արի ու տես որ ամեն ինչ այնքան էլ այդպես չեղավ։
 
1958 թ. Գարանյանը իր համար անչափ անսպասելի հրավեր է ստանում Օլեգ Լունդսթրեմից։ Այդ ժամանակից էլ Համամիութենական ռադիոյով ավելի ու ավելի հաճախ են սկսում հնչել Գարանյանի ջազային կոմպոզիցիաները, որոնք լայն ճանաչում են բերում երիտասարդ երգահանին եւ նվագախմբին։ Եվ քանի որ եթերում հնչող երաժշտությունը սեփական եւ օտար երկրների սահմանները չի տարբերում, Գարանյանի ստեղծագործությունները սկսում են հաղորդվել նաեւ արտասահմանյան ռադիոկայաններով եւ նրան միջազգային փառք են բերում։ Բնական է, որ դա չէր կարող դուր գալ գաղափարախոսական կաղապարներով առաջնորդվող խորհրդային ղեկավարներին, երաժշտական քաղաքականությունն իրագործողներին։ Խորհրդային ղեկավարների պատասխան «ակցիան» իրեն երկար սպասել չստիպեց։ Գարանյանի նվագախումբը ցրեցին, իսկ մամուլում թունոտ ու նենգ լրատվություններ տպագրվեցին, որոնցում երաժիշտները բնութագրվում էին որպես «երաժշտական ստիլյագներ» ու «տհասներ», իսկ նվագախմբի մասին ասվում էր, որ այն իրենից «ինքնուրույնության կորստի ցայտուն օրինակ է ներկայացնում»։ Եվ որպեսզի հասցվող հարվածը ավելի ուժգին, տպավորիչ լինի, վերջում ավելացվում էր. «Միայն զարհուրանք է առաջացնում այդ երկարամազ օտարամոլների հագուստը՝ նեղ տաբաթներն ու էքստրավագանտ բաճկոնները»։ Դա հենց այն նույն չափից դուրս աչալուրջ «երաժշտագետներն» էին, որոնք երկար տարիներ ամեն կերպ վարկաբեկում էին Էլվիս Փրեսլիին, բիթլներին, Ջոնի Հոլիդեյին, խոչնդոտելով նրանց երգերի տարածմանը Խորհրդային Միությունում։
 
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ 1966 թ. Գարանյանը գլխավորում է Համամիութենական Ռադիոյի էստրադային նվագախումբը։ Եվ կրկին նվագախմի վարկանիշը սրընթաց աճում է, այն արտասահմանյան շրջագայության բազմաթիվ հրավերներ է ստանում, մասնակցում է էստրադային եւ ջազային երաժշտության ամենապատվավոր փառատոներին։ Հետզհետե նվագախմբի փառքն ու ճանաչումը հիրավի միջազգային չափերի է հասնում։
 
Գեորգի Գարանյանի ստեղծագործական գործունեության ամենաբեղմնավոր շրջանը, բարձրակետը կապվում է «Մելոդիա» համույթի հետ։ Երգահանը իր ղեկավարած համույթի համար բազմաթիվ փայլուն կոմպոզիցիաներ է գրում, որոնք կատարվում են նրա նույնքան փայլուն գործիքավորմամբ։ Առանց որեւէ չափազանցության կարելի է ասել, որ մեր մոլորակի վրա դժվար թե գտնվի հանրամատչելի երաժշտության հետ քիչ թե շատ ծանոթ որեւէ մարդ, որը երբեք լսած չլինի Գեորգի Գարանյանի ղեկավարած նվագախմբի կատարումները։ «Մելոդիա» համույթը նվագակցում էր բազմաթիվ աշխարհահռչակ երգիչների, թողարկել է պարային մեղեդիների եւ ջազային կոմպոզիցիաների բազմաթիվ ձայնագրություններ։ Ժանրային առումով Գարանյանի եւ նրա ղեկավարած համույթի հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է, այն ընդգրկում է ամեն տեսակի երաժշտություն՝ սվինգից մինչեւ ռոք-ն-ռոլ։ «Մելոդիա» համույթի երաժշտական նվագակցությամբ են թողարկվել պարզապես անթիվ-անհամար մանկական երգերի, հեքիաթների եւ մուլտֆիլմերի ձայներիզներ, ռուսական ժողովրդական երգերի մշակումներ, հանրահայտ երգերի կատարումներ, գեղարվեստական կինոնկարների հնչյունային ձեւավորումներ։ 
 
Գեորգի Գարանյանը երեսունից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ Հետաքրքրական եւ ուշագրավ մի հանգամանք՝ այդ կինոնկարներից շատերը դեռեւս ապրում են միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ բացառապես միայն վառ, անմոռանալի երաժշտական ձեւավորման շնորհիվ։
 
Շուրջ երեք տարի Գեորգի Գարանյանը գլխավորում էր Մոսկվայի կրկեսի նվագախումբը, ուր եկել էր Յուրի Նիկուլինի հրավերով։ Նրա երաժշտությունը բազմաթիվ կրկեսային կատարումների համար շրջանառության մեջ է առ այսօր։
 
1991 թ. Գարանյանը վերջապես իրագործում է իր վաղեմի երազանքը՝ ստեղծում է Մոսկովյան Բիգ-Բենդը։ Այդ նվագախմբի կազմի մեջ են ընդգրկվում երկրի ամենաարհեստավարժ ջազային երաժիշտ-կատարողները։ Գոյատեւելով չորս տարի եւ շոշափելի հետք թողնելով ջազային երաժշտության մեջ, Բիգ-Բենդը մնում է առանց ֆինանսավորման, եւ ղեկավարը ստիպված է լինում լուծարել այն։
 
2003 թ. Գեորգի Գարանյանը կրկին վերադառնում է Օլեգ Լունդստրեմի ջազային նվագախումբ, սակայն այս անգամ արդեն գլխավոր խմբավարի պաշտոնում։ Նա պատրաստում է մի քանի թեմատիկ համերգային ծրագիր, կատարում է է Քաունթ Բեյսիի կոմպոզիցիաները, ինչպես նաեւ մշակում եւ գործիքավորում է Վերդիի, Պուչինիի, Շուբերտի եւ այլ դասականների ստեղծագործությունները։
 
Իսկ մեկ տարի անց՝ 2004-ին, Գարանյանը վերաստեղծում է «Մելոդիա» համույթը։ Նա նորովի է գործիքավորում եւ ձայնագրում հանրահայտ եւ սիրված երգերը դասական կինոնկարներից, ինչպես «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենտլմենները», «Երկկենցաղ մարդը», «Ճակատագրի հեգնանքը»։
 
Գարանյանի վերջին ձայնագրություններից է նրա հիթային կատարումների լազերային խտասկավառակը, որն անվանել է «Ստուգված է ժամանակով»։ Իսկ մյուս վերջերս կատարած ձայնագրության՝ «Օրեգոն» հայտնի ամերիկյան խմբի եւ Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ թողարկած ալբոմի համար Գարանյանին շնորհվել է աշխարի թերեւս ամենապատվավոր երաժշտական մրցանակը՝ «Գրեմին»։
 
Գեորգի Գարանյանը էստրադային եւ ջազային երաժշտության բազմաթիվ խոշոր փառատոնների դափնեկիր է, «Նիկա» կինոակադեմիայի իսկական անդամ է, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական դերասան։ Մոսկվայում, Փառքի Ծառուղու տարածքում հիմնադրված է ականավոր երաժշտի անվանական «աստղը»։
 
Եվ այնուամենայնիվ, ո՞վ է նա՝ կատարող ալտ-սաքսաֆոնահար։ Երգահա՞ն։ Գործիքավորո՞ղ։ Խմբավա՞ր։ Եվ կարո՞ղ է արդյոք այս ամենը, նրա ստեղծածն ու կատարածը, տեղավորվել մի մարդկային կյանքի մեջ։ Ինչպես տեսնում ենք՝ կարող է։ Սակայն միայն մի դեպքում՝ եթե դու մարդ-նվագախումբ ես։
 
Գուրգեն Կարապետյան
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play