Թումոն իր դռներն է բացում Դիլիջանի պատանիների համար


Թումոն իր դռներն է բացում Դիլիջանի պատանիների համար

  • 26-01-2013 02:08:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունվարի 26-ին Դիլիջան քաղաքում կմեկնարկի Թումո կենտրոն ծրագիրը: Հունվարի 29-ից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան դիլիջանցիները կարող են այցելել Թումո գրանցվելու համար: Ծրագիրը հագեցած է 29 համակարգիչներով և հնարավորություն ունի օրական սպասարկել մինչև 90 պատանի՝ տրամադրելով նրանց յուրատեսակ ուսումնական փորձառություն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուսուցումը Թումոյում անվճար է:

Ըստ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` ուսուցանող մարզիչների և հմուտ մեդիա մասնագետների ուղղորդմամբ դիլիջանցի պատանիները հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն և կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Միաժամանակ աշխատելով իրական նախագծերի վրա՝ պատանիները կհմտանան իրենց նախընտրած ոլորտներում, ձեռք կբերեն թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ, կձևավորեն վերլուծական մտածելակերպ, կզարգացնեն նախաձեռնողական կարողություններ: Հրավիրված օտարերկրյա և տեղացի մասնագետների հետ հանդիպումներն ու դասընթացները պատանիներին հնարավորություն կընձեռեն զարգացնելու իրենց գիտելիքները: Արդեն մարտ ամսից Թումո Դիլիջանում կգործեն ռոբոտաշինության և համակարգչային երաժշտության հատուկ դասընթացներ:
 
«Մենք շատ ոգևորված ենք Թումո Դիլիջանի բացման առիթով: Հուսով եմ, որ սա կլինի սկիզբը, որի արդյունքում Թումոյի կրթական յուրահատուկ ծրագիրը հասանելի կդառնա ոչ միայն երևանաբնակներին, այլ նաև մարզի երիտասարդներին: Սա ևս մեկ քայլ է դեպի մեր երազանքի իրականացումը՝ նպաստել մրցունակ և համաշխարհային զարգացումների հետ համահունչ քայլող սերունդի ձևավորմանը»,- ասել է Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
 
Նշենք, որ Թումո Դիլիջան ծրագիրը մեկնարկում է Սիմոնյան Կրթական Հիմնադրամը, ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» Հիմնադրամի ֆինանսավորմամբ:
 
Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011թ. ամռանը: Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Թումո կենտրոնի նպատակն է հայ պատանիներին ընձեռել լավագույն հնարավորություններ ակտիվ և հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը: Այսօր արդեն կենտրոնում ուսուցանում է 12-18 տարեկան 5000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play