Հունիսին Երեւանում կանցկացվի պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբույժների համաժողովը


Հունիսին Երեւանում կանցկացվի պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբույժների համաժողովը

  • 03-03-2011 17:06:08   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիան (AAPRAS www.aapras.org) 2011 թ. հունիսի 28-30-ը կազմակերպում է ոլորտի խնդիրներին նվիրված «Անցանկալի ելքերը եւ բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով միջազգային համաժողով: Այն անցկացվելու է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների եվրոպական միության հովանավորության ներքո: Համաժողովին մասնակցելու են ինչպես սփյուռքի մասնագետները, այնպես էլ միջազգային փորձագետներ եւ դասախոսներ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն պլաստիկ վիրաբուժության ասպարեզում թողարկվող արդյունաբերական արտադրանքի ցուցադրություններ: Համաժողովում նախատեսվում է շուրջ 200-350 մասնագետների մասնակցություն, միջազգային փորձագետների 10 դասախոսություն եւ 60 զեկույց, ինչպես նաեւ 10 կլոր սեղան մասնագիտական քննարկումների համար: Համաժողովի աշխատանքները համակարգում է IPRAS-ի համաժողովների պաշտոնական համակարգող "Zita Congress" միջազգային ընկերությունը, որը համապատասխան տեղեկատվություն է ապահովելու աշխարհի 99 երկրների 37 հազար պլաստիկ վիրաբույժների: Պլաստիկ վիրաբուժության համաշխարհային զարգացումները լայն հասարակայնությանը ներկայացնելու նպատակով համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է հանրային օր /Public day/ լրատվամիջոցների մասնակցությամբ: Համաժողովի նյութերը կամփոփվեն տպագիր ժողովածուի մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն