Մարսել Չիֆթեյան. Մարդ, որին ոչինչ չի կանգնեցնում


Մարսել Չիֆթեյան. Մարդ, որին ոչինչ չի կանգնեցնում

  • 02-02-2013 08:41:29   | Ֆրանսիա  |  Նշանավոր հայեր

 

Մարսել Չիֆթեյանը ծնվել է 1931թ. Մարսելի Սեն Բարնաբե թաղամասում, համեստ ընտանիքի 5 զավակներից մեկը` ոչ սովորական ճակատագրով: Երիտասարդ տարիքում դպրոցական նստարանին սովորական դարձած «կեղտոտ հայ» բացականչություններից նեղացած, Մարսել Չիֆթեյանը նշում էր, որ իր «էմիգրանտների որդի» կարգավիճակը երբեմն դժվար էր տանել Ֆրանսիայի նման շովինիստ երկրում, որը մերժում էր իր նոր զավակներին: Մարսելը այդ խտրականությանը նորովի հանդիպեց 18 տարեկան հասակում բանակում, երբ նրա կապիտանը նրան կշտամբեց «վատ ֆրանսացի» անվանելով: Մի արտահայտություն, որը զայրույթ առաջացրեց երտասարդ Մարսելի մոտ, որն անմիջապես մի հարված հասցրեց կապիտանի դեմքին: Զինվորական բանտում մի քանի ամիս անցկացնելուց հետո, որտեղ զարգացնում է իր երազանքը Աֆրիկայի մասին, Մարսելը վերադառնում է քաղաք Մարսել, որտեղ ընտանեկան խանութում դերձակություն է սովորում: «Ես ատում էի այդ արհեստը»,- խոստովանում է Մարսելը: Չորս ամիս անց նա նավի տոմս է գնում դեպի Դահոմեյ... «Ես սիրում էի Տարզանի մասին ֆիլմեր դիտելը եւ Աֆրիկան հենց այդպես էլ պատկերացնում էի»,- ավելացնում է Մարսելը , ինչի վրա ծիծաղում է մինչ օրս: Բայց Կոտ Դիվուարի Աբիջան քաղաք հասնելուն պես նա հանդիպում է գաղութայինների սառը վերաբերմունքին «օտարների» նկատմամբ: «Ես մերժվեցի, եւ այդպիսով թափառեցի եւ տառապեցի ապրելու եւ կացարան գտնելու համար»,- խոստովանում է Մարսելը եւ ավելացնում,- «Հանդիպեցի մի քանի հայերի: Մի հայ տեսավ, թե ինչպես եմ տառապում, նրա ազգանունը Գրիգորյան էր, նա զբաղվում էր վերնաշապիկների մի ապրանքանիշի առեւտրով: Նա ինձ ասաց, որ գնամ Դահոմեյ: Ինձ 50 000 ֆրանկ տվեց եւ տոմս առավ: Երբեք չեմ մոռանա հայրենակցիս այդ արարքը, որին այլեւս չտեսա»: Կոտոնու հասնելուն պես (Դահոմեյ) Մարսել Չիֆտեյանը ծանուցագիր է ստանում ներկայանալ Ֆրանսիական զինվորականների ակումբ, որտեղ հրամանատարութունը նրան արգելում է այցելել այն վայրերը, որտեղ այցելում են եվրոպացիները: Մերժված լինելով սպիտակների կողմից, ոչ մի պաշտպանություն չգտնելով, նորից տառապանքների մեջ գտնվող Մարսել Չիֆտեյանին աֆրիկական տներից մեկում մի ծեր կին կացարան է տալիս: «Մի քանի ամիս անց, մի բրետոնացու մոտ օրական 25 ֆրանկ համեստ աշխատավարձով սալիկապատողի աշխատանք գտա : Թշվառություն էր»,-շարունակում է Մարսել Չիֆտեյանը: Երկու տարի որպես սալիկապատող աշխատելուց հետո նա սկսում է ղեկավարել Բրոսետ-Վալոր խանութը, որը մասնագիտացած էր շինարարական նյութերի վրա: 
 
1960թ. նա ամուսնանում է «Ռեիմսից մի աղջկա հետ», որը գաղթել էր Կոտոնու իր ընտանիքի հետ: Մեկ տարի անց, երբ Դահոմեյը անկախանում է, ծնվում է Մարսելի զավակը` Ժան-Լուկը: Հետո ճակատագիրի բերումով նա հանդիպում է մի այլ ֆրասահայի, ոմն Կասաջյանին, որը ներկայացնում էր «Աստրալ» նկարները Աֆրիկայի համար: «Ես նրա համար վաճառեցի մի նկար, հետագայում` 1972-ին Կոտոնույում կառուցեցի S.A. Sobepec ներկերի գործարանը» : Ժամանակակից մի գործարան, որը տեղավորված էր 15 000 մ2 տարածքում, Արեւմտյան Աֆրիկայի առաջին գործարանը, որտեղ հետագայում կաշխատեն 150 բենինցիներ եւ եվրոպացիներ: Արտադրանքը արտահանվում էր Նիգերիա, Բուրկինա Ֆասո, Տոգո, Նիգեր եւ Չադ: 1993թ. իր որդու հետ Մարսելը կառուցում է Կասա դել Պապա շքեզ հյուրանոցային համալիրը` բաղկացած 60 սենյակներից: Հյուրանոցային համալիրը իրենից ներկայացնում է փոքր առանձնատներ` փայտե ոտքերի վրա, Կոտոնուից 40 կմ հեռավորության վրա, ափամերձ շրջանում` նախատեսված միջազգային հաճախորդների համար: 2008թ. Մարսել Չիֆտեյան «Հայը» ձեռնամուխ է լինում 13 000 մ2 տարածքով Արեւմտյան Աֆրիկայի ամենամեծ «Երեւան» հիպերմարկետի շինարարությանը, որը նախատեսված է ինչպես աֆրիկացի, այնպես էլ եվրոպացի հաճախորդների համար: Առեւտրի կենտրոնը արժե մոտ 60 միլիարդ ֆրանկ: Կենտրոնի բացման արարողությունը, որը Բենինի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, տեղի ունեցավ 2009թ. սեպտեմբերի 25-ին` Բենինի նախագահ պարոն Յայի Բոնիի եւ այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ:
 
Այն հարցին, թե «Ինչո՞ւ Երեւան» Մարսել Չիֆթեյանը պատասխանում է,- «Ես միշտ մտածել եմ ծնողներիս մասին, եւ «Երեւանը» մի տուրք է Հայաստանին: Մի երկիր, որը ես վերջերս եմ հայտնաբերել ինձ համար եւ որը ինձ գերել է: Ես անվանել եմ իմ հիպերմարկետը «Երեւան», քանզի Բենինցիները շատ քիչ են ճանաչում Հայաստանը: Եվ չնայած նրան, որ Բենինում չկա հայկական համայնք, մենք բենինցիների հետ մեր զրույցներում շատ հաճախ ենք խոսում Հայաստանի մասին: Բացի այդ, «Երեւան» առեւտրի կենտրոնի անմիջապես կողքին կառուցել եմ մի առանձնատուն, որի վրա ծածանվում է հայկական եռագույնը, եւ որը հանդիսանում է Հայաստանի հյուպատոսարանը Բենինում, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»: 
 
Ո՞րն է Մարսել Չիֆտեյանի ցանկությունը. «Երիտասարդ հասակում ես շատ եմ տառապել: Նաեւ ուզում եմ օգնել իմ ընտանիքին: Այս երկիրը ինձ շատ բան է տվել, հիմա իմ հերթն է»,- ասում է Կոտոնույում սիրտ-անոթային հիվանդանոց հիմնելու նախագծի գաղափարով ապրող մարդը: Հիվանդանոցն արդեն ունի անուն` «Բենին-Հայաստան-Ֆրանսիա», այն ղեկավարելու են Հայաստանից հրավիրված մասնագետներ:
 
Մոտ 80 տարեկան Մարսել Չիֆտեյանը մի մարտիկ է, որը պայքարելու է մինչեւ իր վերջին շունչը` մարդկությանը տալու համար այն, ինչ կա իր մեջ: 
 
Հոդվածը տպագրվել է «Նուվել Դ'Արմենի» ամսագրում 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր