Պաշտոնյաները փոշիացրել են 170 մլն դոլար. իրավապահները լռում են


Պաշտոնյաները փոշիացրել են 170 մլն դոլար. իրավապահները լռում են

  • 17-03-2013 14:48:35   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Մոտ յոթ ամիս ուսումնասիրել ենք «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման համար ստացված մոտ 170 մլն դոլարիվարկային պատմությունը: Հայաստանյան  տնտեսական խորը ճգնաժամ, պաշտոնապես արձանագրված 35% աղքատություն, սուրը ձեռքին կոռուպցիայի դեմ «պայքարող» իշխանություն եւ փոշիացված 170 մլն դոլար:   

Հայաստանում կոռուպցիայի մասին խոսում են գրեթե բոլորը: Հանգիստ ասում են, որ  իշխանությունները կոռումպացված են, նույնիսկ պաշտոնյաներն են խոսում այդ մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի անցած տարվա ելույթները կառավարությունում, պաշտպանության նախարարությունում, գլխավոր դատախազությունում շատերն են հիշում: Պարզվել է՝ մեր պաշտոնյաները ամեն ինչից ու ամեն տեղից կարողանում են «փող աշխատել», նրանք գողանում են նույնիսկ մանկատներից, ծերանոցներից, հոգեբուժարաններից, բանակից: Բայց նախագահի ելույթից հետո կարծես թե որեւէ պաշտոնյա չի պատժվել, նրա հիշատակած «ատկատի» որեւէ դեպք առայսօր չի բացահայտվել: Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները պարզապես բանի տեղ չեն դրել նախագահի ասածները: Այնպես որ, անընդհատ կարող ենք խոսել, գրել՝ թալանում են, հարկերը չեն վճարում, մրցույթներում հաղթելու համար կաշառք են տալիս: Բայց անուններ չպետք է տալ, մանավանդ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մանավանդ նախարարների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց:

Նման փաստերի հրապարակման դեպքում դատախազն ինքնուրույն ոչինչ չի կարող անել, նա առանց հրահանգի երբեք ինքնուրույն նման գործերով չի զբաղվի, թե չէ կարող է ինքն էլ դառնալ զոհ: Բայց գալիս է մի պահ, երբ եթե դու չես ուզում զբաղվել, արդեն սկսում են զբաղվել քո գործերով, քո հսկայածավալ բիզնեսներով: Այնպես որ, «Նաիրիտի գործը» արդեն չբացվելու տարբերակ չունի:

Ավազի հատիկների նման այդ տեղեկություններ հավաքելով՝ հաջողվեց ավազահատիկներին տեսք տալ եւ կառուցել այն սխեման, որի խողովակներով հոսել են «Նաիրիտի» վարկային միջոցները եւ ոչ վարկային փողերը: Եւ հիմա մեր պաշտոնյաները, իրավապահ մարմինները չեն ուզում նկատել այս ամենը:

Առաջիկայում կներկայացնենք «Հետքի» կատարած հետաքննության վերջին հոդվածը:  Իրավապահ մարմինները չեն կարող խուսափել, «չտեսնել» փաստերը, որոնք պետք է դառնան քրեական գործեր մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառքներ տալ:

Ի վերջո, այս ամենի համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը` մասնավորապես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, որը տնօրինում էր «Նաիրիտ գործարանի» 10% բաժնեմասը: Կառավարությունը տեղյակ էր այս գործարանի կողմից օֆշորում եւ Ռուսաստանում ստեղծված տասնյակ ձեռնարկությունների, բանկային փոխանցումների մասին: Միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը, որը վարկերի ստացման ժամանակ համատեղությամբ նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տնօրենն էր, մանրամասնորեն կարող է ներկայացնել այդ մեխանիզմը:

Մեր ջանքերը՝ խորհրդարանում բարձրացնել «Նաիրիտի» հարցը, դեռեւս արդյունք չեն տվել: Այս վարկային գործի միջոցով հանրությունը կտեղեկանա նաեւ, թե ինչպես են գոյանում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքերը: Քանի որ արդեն պարզ է դառնում, որ վարկ ստացած, օֆշորում գրանցված «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերության բոլոր պարտավորություններն անցել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին: Շուտով պարզ կդառնա նաեւ, որ այդ պարտավորությունն էլ իր հերթին անցնելու է պետությանը: Ռուսաստանում արդեն դատական գործընթացներ են սկսվել, եւ պատասխանող կողմը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է: 

 

Էդիկ Բաղդասարյան

hetq.am

Կադացեք նաեւ`

 

«Նաիրիտ գործարան». հետաքննություն

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play