«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը պետք է մերժվի. բնապահպանների տեսակետը


«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը պետք է մերժվի. բնապահպանների տեսակետը

  • 21-03-2013 14:03:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Կարծիք «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության և 15.03.2013թ. հանրային լսումների վերաբերյալ 

Ս. թ. մարտի15-ին  ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հանրային լսումները:

Հիշեցնենք, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանների արդարացի պահանջով «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից սույն ՓՀԷԿ-ի կառուցման առաջին նախագծին 23.08.2012թ. տրված բնապահպանական փորձաքննության թիվ 70 դրական եզրակացությունը ՀՀ բնապահապանության նախարարի 26.10.2012թ. թիվ 277-Ա հրամանով չեղյալ էր ճանաչվել:

Չնայած նրան, որ նախորդ նախագիծը կազմող «ԷՌԱ» ՍՊԸ-ն ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող, գիտականորեն ոչ հիմնավորված տվյալներ էր ներկայացրել, որի արդյուքնում տվյալ ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում զգալի վնաս էր հասցվել շրջակա միջավայրին` մասնավորապես Իջևանի արգելավայրի տարածքում գտնվող անտառապատ տարածքին, լանդշաֆտին և հողի բերրի շերտին:

այդ նույն ընկերությունը այս անգամ ևս հանդիսանում էր «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի հեղինակը:

Ցավոք, զարմանալի է, որ առ այսօր ՀՀ պետական լիազոր և իրավապահ մարմինները ռեալ քայլեր չեն ձեռնարկել մեղավորներին բացահայտելու, հասցված վնասը գնահատելու և փոխհատուցելու պահանջ ներկայացնելու ուղղությամբ: Այս ամենը դեռևս լուծում չստացած` շրջանառության մեջ  դրվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր, այսպես կոչված` փոփոխված նախագիծը, որտեղ բերված տվյալներն այս անգամ էլ հակասում են իրենց նախորդ նախագծին, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է առաջին նախագծի անհիմն լինելը:

ՀՀ բնապահպանության նախարարությունը տվյալ նախագիծն անհապաղ մերժելու փոխարեն, նպատակահարմար գտավ ենթարկել բնապահպանական փորձաքննության` ընդունելով այն:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) օրենքի 6-րդ հոդվածի համաձայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի առաջին հանրային լսումները տեղի ունեցան 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում:

Այդ լսումներին ներկա գտնվող հարյուրից ավելի բնակիչներ միահամուռ դեմ արտահայտվեցին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը, ինչը տեսաձայնագրված է և տեղադրված է համացանցում

Այնուհետև, Գետահովիտ համայնքնի բնակիչների բացասական կարծիքը` թվով 127 ստորագրություններով, գրավոր ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Մինչև այդ հանրային լսումները, Գետահովիտ համայնքի բնակիչները` թվով 1077 ստորագրություններով, բողոք էին ներկայացրել նաև ՀՀ նախագահին, նրանք իրենց բողոքն էին հայտնել ոչ միայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի, այլ նաև արդեն իսկ գործող«Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի վերաբերյալ:

Գետահովիտ համայնքի  բնակիչները տեղեկացվել են, որ իրենց բողոքն` ուղղված ՀՀ նախագահին, վերահասցեագրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Այսպիսով, Գետահովիտ համայնքի` որպես ազդակիր համայնքի բնակիչների բացասական կարծիքը քաջ հայտնի է ՀՀ բնապահպանության նախարարությանը, բայց ինչպես ականատես ենք լինում փորձ է արվում այն անտեսել, սակայն մենք դա թույլ չենք տալու:

Մենքարձանագրելով ազդակիր համայքի  բնակիչների գերակշիռ մասի ակնհայտ բացասական կարծիքը,գտնում ենքոր ՀՀ պետական լիազոր մարմինը պետք է մերժի «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի բնապահպանական փորձաքննության իրականացումը կամ տաբացասական եզրակացությունայլ ոչ թե հիմք ընդունի գյուղապետի և ավագանու անդամների մի մասիներկայացրած կարծիքը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ազդակիր համայնքում պետք է անցկացվեին երկրորդ հանրային լսումները, սակայն դա չի իրականացվել, ինչը սույն օրենքի և Օրհուսի կոնվեցիայի պահանջների կոպիտ խախտում է:

Դրա փոխարեն 15.03.2013թ. ՀՀ բնապահպանության նախարարության շենքում կազմակերպվեց տվյալ ՓՀԷԿ-ի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հանրային լսումներ: Չնայած, այդ լսումներն օրինական համարել դժվար է, բայց, այնուամենայնիվ, ներկայացնում ենք մեր կարծիքը տվյալ նախագծի և 15.03.2013թ. լսումների վերաբերյալ. 

  1. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից չթույլատրվեց Գետահովիտ համայնքի թվով երեք բնակիչների մուտքը լսումների դահլիճ, չնայած նրան, որ մենք այդ մասին նախապես պատշաճ ձևով տեղեկացրել էինք նախարարությանը:
  2. Սահմափակվեց նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը լսումների դահլիճ: Համայնքի բնակիչներին, լրագրողներին առաջարկեցին գնալ Ավ. Իսահակյանի գրադարանի դահլիճ և այնտեղից առցանց հետևել հանրային լսումները:
  3. «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի տեղադիրքը կապված է Արջատխլենու և Իջևանի արգելավայրերի ու նրանց պահապանման գոտիների հետ, իսկ ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի և ջրահեռացման կոորդինատների համադրմամբ պարզել ենք, որ նախատեսվող ՓՀԷԿ-ի ջրառը և խողովակաշարը գտնվում են Իջևանի արգելավայրի տարածքում:
  4. Այդ իսկ պատճառով միանշանակ է, որ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջների համաձայն, ըստ որի` արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանությանը, պետք է մերժել ներկայացված նախագիծը:
  5. Այս մասով ՓՀԷԿ-ի նախագիծ կազմող «ԷՌԱ» ՍՊԸ փորձագետներն ընդհանրապես անտեսել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության հանգամանքը՝ պատճառաբանելով, որ ՓՀԷԿ-ի շենքի հողակտորը գտնվում է արգելավայրերի տարածքից դուրս` չգիտես թե ինչու մոռանալով ջրընդունիչ կայանի և անցկացվող խողովակաշարի մասին:
  6. Ի դեպ, ՀՀ կառավարության 19.02.2009թ. «Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկը հաստատելու մասին» հ. 156-Ն որոշմամբ հաստատված է, որ հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում են գտնվում նաև Արջատխլենու և Իջևանի արգելավայրերը` իրենց ջրային ռեսուրսներով:
  7. Այդ տարածքում են աճում արջատխլենի և կենի ծառատեսակները, որոնք ընդգրկված են ՀՀ բույսերի կարմիր գրքում, սակայն ներկայացված փաստաթղթերում ոչ մի խոսք չկա դրանց աճման վայրերի տեղադիրքի մասին կատարված ուսումնասիրությունների մասին:
  8. Ըստ նախագծի` հատվելու է թվով 141 ծառ, որը մենք արժանահավատ չենք համարում, քանի որ նախագծում չկա ներկայացված խողովակաշարի անցկացման ուղեգիծը, այն անցկացնելու համար բացվող ճանապարհի տեխնիկական և ծառերը հաշված մասնագետի ունեցած տվյալները: Նախագծում որևէ խոսք անգամ չկա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից արդեն իսկ անօրինական կերպով հատված ծառերի տեսակների ու քանակի մասին:
  9. Մեր կարծիքով` դա պետք է կատարվեր հատուկ մասնագետների կողմից և/կամ հատուկ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի, որի կազմում պետք է ընդգրկված լինեին նաև անկախ փորձագետներ և ոլորտային հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
  10. Մեզ համար անհասանելի է ՀՀ բնապահպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պետական մարմինների (ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ում ենթակայության տակ են գտնվում վերը նշված արգելավայրերը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ կապված սողանքների և փլվածքների հետ) մասնագիտական կարծիքները «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի և արդեն իսկ նրա կողմից արգելավայրերին հասցված վնասների վերաբերյալ: Եթե դրանք առկա են, ապա պետք է հնչեցվեին 15.03.2013թ. ՓՀԷԿ-ի նախագծի մասնագիտական լսումների ընթացքում կամ պետք է հրապարակվեն, որոնք մինչ օրս չեն արվել: Այս նախագծի վերաբերյալ խիստ անհրաժեշտ է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքն ու համաձայնությունը:
  11. Ինչու՞ մինչ օրս պարզված չէ Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ը հատկացված հողամասերի (ծածկագրեր՝ 11-028-0653-001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003, 11-022-0707-0002) տեղադիրքերը Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզների վրա, որոնցից պարզ կդառնար, թե որ համայքում են նրանք գտնվում և համարվում են արդյո՞ք ջրային հողեր: Մեր ուսումնասիրությունները հիմք են տալիս պնդելու, որ այդ հողամասերը չեն կարող գտնվել այն տարածքում, որտեղ արդեն իրականացվել են, կամ նախատեսվում են իրականացնել շինարարական աշխատանքները:
  12. Աշխատանքային նախագծում ներկայացված սխեմայով տվյալ ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Պաղջուր գետի վրա, իսկ նույն ՓՀԷԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մաս աշխատանքային նախագծում նախատեսվում է ՓՀԷԿ-ի կառուցումն իրականացնել Խաչաղբյուր գետի վրա: Որոշ տեղերում բերված են տվյալներ Դիլիջան, Գոշ բնակավայրերից և Բլդան գետից, որոնք ընդհանրապես ոչ մի կապ չունեն դիտարկվող տարածքի հետ:
  13. Արդյո՞ք առկա է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության մասնագիտական կարծիքը՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակի վերաբերյալ, եթե այո, ապա ՀՀ բնապահպանության նախարարը 15.03.2013թ. հանրային մասնագիտական լսումների ժամանակ պետք է հրապարակեր այն, իսկ եթե ոչ, ապա անհապաղ պետք է դիմի իր կազմում գտնվող կենսառեսուրսների կառավարման գործակալությանը՝ համապատասխան մասնագիտական կարծիք ձեռք բերելու, այնուհետև՝ հանրայնացնելու նպատակով:
  14. Գնահատված չէ նաև էկոհամակարգային ծառայությունների արժեքը համաձայն Կենսաբազմազանության կոնվեցիայի շրջանակներում գործող նոր մոտեցման, մանավանդ որ գետում մնալու է 80 լիտր/վրկ հոսք: Բացակայում է նաև գետի կենսառեսուրսների նկարագրությունը և դրանց վրա հնարավոր ազդեցությունը:

Այսպիսովհիմք ընդունելով վերոշարադրյալըգտնում ենքոր ՀՀ բնապահպանության նախարարությունըպետք է մերժի «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության նպատակով ներկայացված«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը և/կամ տրամադրի բացասական եզրակացություն:

20.03.2013  

Մերի Խաչատրյան և Լևոն Գալստյան -  «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ` «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի 15.03.2013թ. տեղի ունեցած հանրային մասնագիտական լսումների մասնակիցներ

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play