Թուրքիան իր տարածքից Սիրիա է արտաքսել 600-ից ավելի սիրիացի փախստականների


Թուրքիան իր տարածքից Սիրիա է արտաքսել 600-ից ավելի սիրիացի փախստականների

  • 28-03-2013 17:32:53   | Սիրիա  |  Միջազգային

 

Թուրքիան այսօր իր տարածքից Սիրիա է արտաքսել 600-ից ավելի սիրիացի փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, դա կապված է Սիրիայի հետ սահմանակից թուրքական Ուրֆա նահանգի Աքչաքալա բնակավայրում փախստականների ճամբարում մարտի 27-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ծագած անկարգությունների հետ: Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Սուլեյմանշահ կոչված վրանային ավանում վրաններից մեկում ծագած հրդեհի հետեւանքով 7-ամյա մի աղջնակ մահացել, երկու երեխաներ էլ ծանր վնասվածքներ են ստացել: Դրանից հետո սիրիացի փախստականները հավաքվել եւ թուրքական իշխանություններին բողոքել են իրենց անտանելի եւ ծանր կենսապայմաններից: Այդ վրանային ավանում ավելի վաղ հրդեհից մահացել էին եւս 6 երեխաներ:
 
Փախստականները 3,5 ժամ քարկոծել են ավանի վարչական շենքն ու աշխատակիցներին, հրդեհել եւս երեք վրաններ, ջարդել վարչական աշխատողների ավտոմեքենաները: Այնուհետեւ այնտեղ են ուղարկվել թուրքական անվտանգության ուժերի ստորաբաժանումները, որոնք խառնամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանության եւ փախստականների բախման ժամանակ մեծ թվով մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
 
Վրանային ավանի ղեկավարությունը հավաքել է ակցիային ակտիվորեն մասնակցած 600-ից ավելի սիրիացիների եւ արտաքսել սահմանից այն կողմ:
 
Ուրֆայի շրջանում 89 հազար 457 սիրիացի փախստականներ են ապաստանել, որոնցից 35 հազարը տեղավորված են Աքչաքալայում: Վրանային ավանի ստեղծումից հետո այդտեղ ծագած հրդեհների հետեւանքով 16 մարդ զոհվել, մեծ թվով մարդիկ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
 
Թուրքական ԶԼՄ-ները բազմիս հայտնել են սիրիացի փախստականների ճամբարներում հաճախակի ծագող հրդեհների մասին, որոնց հետեւանքով մինչ այժմ 35 մարդ է վիրավորվել: Մինչ այժմ Ուրֆայի շրջանում գտնվող փախստականների ճամբարներից 800-ից ավելի մարդ է արտաքսվել Սիրիա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play