Շահան Գանտահարյան. Անկարայի դասական ժխտողականությունը միջինարևելյան երկրներում ենթարկվել է որոշակի ձևափոխումների


Շահան Գանտահարյան. Անկարայի դասական ժխտողականությունը միջինարևելյան երկրներում ենթարկվել է որոշակի ձևափոխումների

  • 08-04-2013 16:26:53   | Լիբանան  |  Վերլուծություն

Միջինարևելյան երկրներում գործող 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների մեկօրյա խորհրդաժողովը իր վրա է հրավիրում մի քանի դիտարկում: 

Նախ պետք է նշել, որ ձևաչափի առումով սա աննախադեպ էր։ Խորհրդաժողովը բաղկացած էր Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներից, միջինարևելյան ինը երկրներում գործող համապատասխան հանձնախմբերի ներկայացուցիչներից, հայ առաքելական, կաթողիկե, ավետարանական եկեղեցիների եւ հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Այլ խոսքով, ներկայացուցչական առումով ամբողջական համընդգրկվածությունը փաստ էր: 
Իհարկե, թեման նպաստում էր նման համընդգրկուն ձևաչափով խորհրդաժողով հրավիրելու համար, այսուհանդերձ միջինարևելյան մասշտաբով նման ներկայացուցչական հանգամանքը ողջունելի մեկնակետ էր հրատապ խնդիրների քննարկման համար: 
Փաստորեն, այս հանգամանքը սատարեց, որ խորհրդաժողովը չսահմանափակվի լոկ յուրաքանչուր շրջանում կատարված ու իրականանալի աշխատանքների եւ ծրագրերի զեկուցումներով եւ դրանց շուրջ ծավալող քննարկումներով։ Քննարկումները հեզասահ անցում կատարեցին տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին, այնտեղ թափանցած նոր օսմանականության տարբեր դրսևորումներին, ժխտողականության յուրովի արտադրություններին եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդական մարտավարություններին։ 
Միջինարևելյան յուրաքանչուր երկրի տեղական պայմաններից նետված հայացքները շատ կարևոր էին տարածաշրջանի ընդհանուր համապատկերը մեր խնդրիրների շուրջ ուրվագծելու եւ տարածշրջանային շրջագծում խնդիրները քննարկելու եւ մանավանդ նախապատրաստվելու համար:
Խորհրդաժողովը նկատեց, որ Անկարայի դասական ժխտողականությունը միջինարևելյան երկրներում ենթարկվել է որոշակի ձևափոխումների։ Աշխատանքները գնում են ոչ թե ցեղասպանությունը հակափաստարկելու, այլ ավելի շուտ Հայոց ցեղասպանության դեմ հակակշիռ «ցեղասպանության» ճանաչման համար աշխատելու։ Անկարա-Բաքու քարոզչամեքենան ակտիվ աշխատում է Խոջալուի  այսպէս կոչված ˃ցեղասպանութեան˂ թեզն առաջ տանելու ուղղությամբ։ Նախադրյալները հուշում են, որ այս մարտավարական դրսևորումը սաստկանալու է ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Տարածաշրջանում գերակտիվացել է թուրքական գործոնը։ Սիրիայում հակակառավարական ուժերի ֆինանսավորումը, զինուժի տրամադրումը, քրդական երևույթների զարգացման դիմաց արգելակման տարբեր գործողությունները եւ ընդհանրապես արաբական երկրներում տեղ-տեղ հակաիսրայելյան իմիտացիոն քայլեր ցուցադրելով այլ կարևոր միջավայրերում ֆինանսատնտեսական խոշոր ծրագրերով Անկարան թիրախավորել է Միջին Արևելքը, այնտեղ հաստատ կայքեր հաստատելու համար: 
Այս բոլոր հանգամանքների նկատառումը խորհրդաժողովի կողմից անհրաժեշտ էր նախապատրաստական աշխատանքներին հնարավոր հակազդեցությունների սցենարները պատկերացնելու եւ ըստ այնմ նաև նախաձեռնողական քայլերի դիմելու համար: 
Կարևոր նախաքայլ էր նաև ցեղասպանության հատուցման խնդիրները իրավական հարթության վրա դիտարկելու, միջազգային օրենքի սահմանագծերի մեջ տեղավորվելու փորձեր կատարելու եւ առնվազն համապատասխան թղթածրարի հայեցակարգային աշխատասիրություններ շրջանառության մեջ դնելու տրամադրության բարձրաձայնումը։ Իրավական թղթածրարը, գիտահետազոտականին եւ քարոզչաքաղաքականին առընթեր պիտի հարստացնի մեր զինանոցը: 
Հնչեց նաեւ այն տեսակետը, որ տարածաշրջանում ընթացող կտրուկ զարգացումների ու տեղաշարժերը խիստ հավանական են դարձնում Թուրքիայի դեմ նոր մարտահրավերների եւ վտանգների առաջացումը, որը կարող է նույնիսկ ճակատագրական լինել Թուրքիայի ապագայի համար, ինչը պարտավորեցնում է քրդական զարգացումներին եւ ներթուրքական իրադարձություններին հետևողներիս այս առումով ևս նախապատրաստվելու:
Հարյուրամյակի միջինարևելյան հանձնաժողովների այս խորհրդաժողովը, որ իրոք արձանագրել էր նկատելի համընդգրկվածություն, առիթ էր ոչ միայն միջոցառումների համակարգման եւ այս առումով Հայաստանի պետական քաղաքականության շեշտադրումներին ծանոթանալու, այլ նաև տարածաշրջանային նորագույն իրադարձությունների լույսի ներքո մեր հակառակորդների շարժումները վերլուծելու եւ մանավանդ հայության վաղվա օրվան համակարգված նախապատրաստվելու քննարկումները համատեղ անցկացնելու:
  
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play