Ցրտահարություն է գրանցվել Արարատի ու Արմավիրի մարզերում. Հայտնի չէ, թե վնասի որքան մասն է հնարավոր վերականգնել


Ցրտահարություն է գրանցվել Արարատի ու Արմավիրի մարզերում. Հայտնի չէ, թե վնասի որքան մասն է հնարավոր վերականգնել

  • 24-04-2013 17:43:43   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

 

Արարատի ու Արմավիրի մարզերում այսօր գիշեր ցուրտ եղանակի պատճառով ցանքատարածությունների ցրտահարություն է գրանցվել: Մասնավորապես գյուղացիներն ահազանգում են, որ ցրտահարվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները: Ցրտահարության մասին այսօր Lragir.am-ն ահազանգեր էր ստացել Էջմիածնի տարածաշրջանի Ծաղկունք, Արշալույս, Հայթաղ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հայանիստ, Խաչպար գյուղերից:
Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով այս պահին շրջում է տուժած գյուղերում, Lragir.am-ին տեղեկացրեց, որ վնասը զանգվածային է:
«Իրոք վիճակը ծանր է, հիմա Հայանիստ գյուղում ենք, ցրտահարվել են կարտոֆիլի, լոլիկի, պղպեղի ցանքատարածությունները, այն կուլտուրաները, որոնք որ արդեն դաշտ էին հանվել: Գյուղացիներն ասում են, որ ջերմաստիճանն այս գիշեր իջել է մինուս 3-4 աստիճանի: Ասում են` կողքի գյուղերում էլ վիճակը նույնն է: Էջմիածնի գյուղերում էլ զանգվածային ցրտահարություն է գրանցվել»,- փոխանցեց Բերբերյանը:
Նա նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե վնասի որքան մասն է հնարավոր վերականգնել: Մասնագետի խոսքով` գյուղացիներն անակնկալի են եկել, չէին սպասում, որ վնասի չափն այսքան մեծ կլինի: Ծիրանի բերքի մասով, ըստ Հրաչ Բերբերյանի, նույնպես անհանգստանալու պատճառ կա, սակայն առայժմ դժվար է խոսել վնասի չափերի մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play