Նախատեսվում է իրականացնել «Հայերի հետքերը Բրազիլիայում»<br /> խորագրով բազմաբովանդակ մշակութային ծրագիր<br />


Նախատեսվում է իրականացնել «Հայերի հետքերը Բրազիլիայում»
խորագրով բազմաբովանդակ մշակութային ծրագիր

  • 11-02-2011 18:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Նիկոդեմոսի փետրվարի 11-ի հանդիպմանը քննարկվել է Հայաստանի անկախության 20-ամյակին եւ Բրազիլիայի անկախության օրվան նվիրված «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով բազմաբովանդակ մշակութային ծրագրի նախագիծը: Որոշվել է ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանության համատեղ ջանքերով 2011թ. սեպտեմբերից սկսել ծրագրով նախատեսված միջոցառումները: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագծի գլխավոր միջոցառումը ՀՀ Սփյուռքի նախարարության եւ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության կողմից սեպտեմբերի 7-21-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպվելիք «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսն է, որի նպատակն է լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով ներկայացնել հայ ներգաղթածների պատմությունը Բրազիլիայում: Նախատեսվում է նաեւ կազմակերպել «Բրազիլական հասարակության զարգացման գործում հայկական Սփյուռքի ներդրումը» թեմայով գիտաժողով` ակնառու բրազիլահայերի մասնակցությամբ: Ծրագրվում է Բրազիլիայում հայերի ներգաղթի եւ ինտեգրման մասին գրքի հրատարակում: Նախատեսվում է հոկտեմբերին կազմակերպել համերգներ` նվիրված բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Տակուշյանի, կիթառահար Ժոան Կույումջյանի ստեղծագործություններին: Հ.Հակոբյանը նշել է, որ ծրագիրը Հայաստանի եւ Բրազիլիայի Հանրապետությունների քաղաքական, մշակութային համագործակցության եւ բարեկամության մի նոր դրսեւորում է: Նա առաջարկել է նաեւ նկարահանել «Հայերի հետքերը Բրազիլիայում» վերնագրով ֆիլմ:
Նոյյան տապան  -   Հասարակություն