Պարարտանյութի բաշխման գործընթացն հիմնականում ավարտվել է


Պարարտանյութի բաշխման գործընթացն հիմնականում ավարտվել է

  • 31-05-2013 18:35:22   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ներկայացվեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ պարարտանյութի բաշխման գործընթացն արդեն հիմնականում ավարտվել է: Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ֆինանսների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները համատեղ ուսումնասիրություն են իրականացնելու` ծրագրերի արդյունավետության, նպատակային իրականացման  վերաբերյալ եւ  հորդորեց մարզպետներին հետեւել, որպեսզի ծրագրերը ծառայեն բացառապես կառավարության կողմից սահմանված նպատակին:
Խորհրդակցությանը զեկուցվեց նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Նշվեց, որ ներկայումս իրականացվել է ծրագրով նախատեսված  աշխատանքների մոտ 60 տոկոսը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց  աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում, հետեւողական լինել որակի եւ ժամկետների հարցում:  
Քննարկվեց նաեւ համայնքներում  աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Ա. Գեւորգյանը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզպետների ուշադրությունը հրավիրեց Սեւան եւ Մեղրի քաղաքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի հարցին`  առաջարկելով  քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Մարզպետները նաեւ տեղեկություններ ներկայացրեցին վերջին օրերին եղանակային վատ պայմանների, մասնավորապես, կարկտահարության  հետեւանքով մարզերում  առաջացած խնդիրների մասին: Արմավիրի մարզպետը զեկուցեց մայիսի 12-ին  կարկուտից տուժած համայնքներին կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Ա. Գեւորգյանն առաջարկեց աշխատել ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ սեղմ ժամկետներում ավարտել  շահառուների ցուցակների կազմման աշխատանքները` ծրագրի իրականացումն սկսելու համար:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play