ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման<br /> բանակցությունները շուտով կսկսվեն<br />


ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման
բանակցությունները շուտով կսկսվեն

  • 10-02-2011 13:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Եվրոմիության վիզաների գծով Դաֆնի Գոգոուի գլխավորած փորձագիտական առաքելության հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, քննարկվել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Եվրոպացի փորձագետները նշել են, որ բանակցությունները Հայաստանի հետ շուտով կմեկնարկեն: Գործընթացը կծավալվի հետեւյալ փուլերով` վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի նախնական տարբերակի ներկայացում Հայաստանի իշխանություններին, թերեւս` 3-4 փուլից բաղկացած բանակցություններ, համաձայնագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերում եւ երկկողմ վավերացում: Ինչպես նշված է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրությունում, ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերը դյուրին եւ արագացված ընթացակարգեր կսահմանեն պաշտոնական պատվիրակությունների, գործարար շրջանակների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների, մոտ ազգականներին այցելողների եւ այլ անձանց համար: Ընդգծելով, որ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը մեծապես կնպաստի ԵՄ անդամ երկրների հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացմանը, Ա.Բաղդասարյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու բանակցություններին, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ եւ արդյունավետ անցնի այդ գործընթացը:
Նոյյան տապան  -   Քաղաքական