Կառավարությունը պարզեցրել է վտանգավոր սննդամթերքի ոչնչացման գործընթացը


Կառավարությունը պարզեցրել է վտանգավոր սննդամթերքի ոչնչացման գործընթացը

  • 06-06-2013 16:11:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը պարզեցրել ու հստակեցրել է վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման գործընթացը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի կողմից ծախսվող լրացուցիչ ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը, ինչպես նաև լրացուցիչ վարչարարության բացառմանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին թույլատրել է պետական պահուստից ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել «Պահուստ» ՊՈԱԿ-ում պահվող տուրբինային և տրանսֆորմատորային յուղը` առաջացած միջոցներն օգտագործելով պետպահուստի նյութական արժեքների կուտակման համար։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը։
Արագածոտնի մարզի Վարդենիսի համայնքի 120 աշակերտական տեղով դպրոցի կառուցման աշխատանքի գնման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված է 155 մլն դրամ։ Շինարարությունը եղանակային նպաստավոր պայմաններում ավարտին հասցնելու նպատակով գործադիրը որոշել է գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։
 
 
Այլ որոշումներ
 
Գործադիրն իր որոշմամբ Եվրոպային խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ 2013 թ. հունիսի 18-ին Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության (հինգ լեզվով) ծախսն ուղիղ վճարման ձևով կատարելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 31 հազար եվրոյին համարժեք դրամ։
Կառավարությունը որոշել է Դավիթ Մելքոնյանի` մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հուլիսի 31-ը։
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցի օրդինատուրայի սան Ֆրունզե Պետրոսյանին ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2013 թ. զորակոչից տարկետում է տրվել մինչև 2014 թ. պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ։
ՀՀ կառավարությունը Սուրեն Խաչատրյանին ազատել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Գործադրի մեկ այլ որոշմամբ Վահե Էլոյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկները, որոնք միտված են կառավարության արտագնա նիստերի արդյունավետության բարձրացմանը. «Առաջարկվում է, որպեսզի արտագնա նիստից առաջ կառավարության բոլոր անդամները այս կամ այն մարզում հանդիպեն իրենց ոլորտին առնչվող քաղաքացիների, կամ իրենց նախարարության համակարգում գործող ստորաբաժանումների անձնակազմերի հետ և քննարկեն բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մարզի բնակիչներին, կամ մեր համակարգում աշխատողների բարձրացրած հարցերին։ Դրանից հետո մենք կհավաքվենք և կանցկացնենք կառավարության արտագնա նիստը, դուք հնարավորություն կունենաք քննության առնել այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են տվյալ մարզի բնակիչներին և ձեր արձագանքը այդ հարցերին։ Այս դեպքում մարզերում մեր արտագնա նիստերն սպասելի կլինեն, մարդիկ կպատրաստվեն դրանց և կբարձրացնեն այն հարցերը, որոնք իրենց մտահոգում են։ Դրանով իսկ կառավարության կապը մարզերի բնակիչների հետ անմիջական կլինի»։ Վարչապետն առաջարկել է կառավարության հաջորդ արտագնա նիստը հենց այսպես էլ կազմակերպել։ 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play