ՀԱՄՀ-ն ծրագրում է բեկումնային փոփոխություններ մտցնել զբոսաշրջության, կրթության եւ առողջապահության ոլորտներում


ՀԱՄՀ-ն ծրագրում է բեկումնային փոփոխություններ մտցնել զբոսաշրջության, կրթության եւ առողջապահության ոլորտներում

  • 11-05-2011 17:10:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում առկա է զարգացման մեծ, սակայն ոչ իրագործված ներուժ, որի արդյունավետ կիրառման շնորհիվ հնարավոր է ձեռք բերել մրցունակություն համաշխարհային եւ տարածաշրջանային շուկաներում: Հայաստանի Ազգային Մրցունակության Հիմնադրամը, որը գործում է 2008թ.-ից եւ հիմնված է Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոմիության, Միջին Արեւելքի երկրների առաջատար գործարարների համագործակցության վրա, նպատակ ունի ներդրումային ծրագրերի միջոցով հասնել նշված ոլորտների բեկումնային զարգացմանը։ Հիմնադրամի գործունեության եւ ծրագրերին առնչվող հարցերի շուրջ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը զրուցել է ՀԱՄՀ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Ամատունու հետ: - Ե՞րբ ծնվեց Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման նախագծի միտքը: - Միտքը ծնվեց 2009թ.-ին, տարվա առաջին կեսին, երբ հստակ որոշվել էին այն ոլորտները եւ ենթաոլորտները, որտեղ պետք էր հասնել բեկումնային զարգացման: - Ո՞ր ոլորտում է հնարավոր համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել հաջողության: - Օրինակ, զբոսաշրջության ոլորտում մրցակցային առավելության հնարավոր է հասնել ավելի կարճ ժամկետում, առողջապահության ոլորտում` միջին տեւողության ժամկետում, իսկ ահա կրթության ոլորտում հաջողությունների համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քանի որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են ավելի խորը, երկարատեւ ուսումնասիրություններ, խոշոր ներդրումներ: - Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի (Վայոց Ձորի մարզի Արենի գինեգործական շրջանից մինչեւ Տաթեւ-Գորիս ընկած տարածքը) ռազմավարական նախագծի շնորհանդեսը։ Ինչու՞ ընտրվեց հենց հարավային միջանցքը: - Հարավային միջանցքն ունի չօգտագործված պոտենցիալ` հարուստ բնություն, յուրատիպ լանդշաֆտ, ինչը հնարավոր է դարձնում կազմակերպել քայլարշավներ, ժայռամագլցումներ եւ զբոսաշրջիկներին հետաքրքրող այլ միջոցառումներ: Բացի այդ, մենք նպատակ ունենք զարգացնել մեկ այլ ծրագիր` «Տաթեւի վերածնունդը», որի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 9-րդ դարի Տաթեւի վանական համալիրը, բարեկարգել հարակից տարածքները: Այս ծրագիրը կգործի մինչեւ 2016թ.-ը։ Դրա շրջանակներում նպատակ ունենք զարգացնել նաեւ ենթաոլորտ հանդիսացող խոհարարական զբոսաշրջությունը: Միտում ունենք զբոսաշրջիկներին ծանոթացնել հին հայկական ուտեստներին, միեւնույն ժամանակ մատուցել դրանք նորովի: - Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, «Հարավային միջանցքի ռազմավարական նախագծի» իրագործման արդյունքում հնարավոր է բարելավել գյուղերի կենսամակարդակը: Հատկապես ինչի՞ն է սա վերաբերում: - Տուրիզմի կարեւոր առանձնահատկություններից է տուրիստական կենտրոն հանդիսացող տվյալ վայրում բնակչության ակտիվ մասնակցությունը կազմակերպվելիք միջոցառումներին. արդյունքում զբոսաշրջիկները ծանոթանում են ոչ միայն տվյալ վայրին, այլեւ շփվում են բնակչության հետ, որը ներկայանում է իր յուրահատուկ կոլորիտով: - Հայտնի է, որ հիմնադրամը համագործակցում է մի շարք միջազգային ընկերությունների հետ, որոնք իրենց առաջարկներն են ներկայացնում ձեզ: Զբոսաշրջության ոլորտին առնչվող ի՞նչ ծրագրեր են առաջադրվել եւ ու՞մ կողմից: - Օրինակ, 2010թ.-ին հանրահայտ «Mcknsey & Company» ընկերությունը ներկայացրել է Սեւանում «Training center» հիմնելու ծրագիր, որը դեռեւս հաստատված չէ։ Կամ, օրինակ, նույն թվականին ոլորտի ամերիկահայ փորձագետ Չարլզ Չավդարյանը ներկայացրել է «Մոզրովի քարանձավի մասին» ծրագիր. խոսքը Եղեգնաձորի Մոզրով գյուղի շրջակա տարածքի քարանձավների մասին է, որոնք կարող են գրավել ժայռամագլցման սիրահարներին: - Զբոսաշրջության ոլորտում կարեւոր նշանակություն ունի տվյալ երկրում տեղեկատվական կենտրոնների առկայությունը, որոնցից կարող են օգտվել զբոսաշրջիկները: Այդպիսի կենտրոններ ստեղծելու ծրագիր ունե՞ք: - Այո, այս տարի Հայաստանի տուրօպերատորների հետ համագործակցության արդյունքում արդեն մշակվում են տեղեկատվական կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր: Կառավարության աջակցությամբ կտրամադրվեն համապատասխան տարածքներ` Երեւանում, Տաթեւի շրջակայքում նման կենտրոններ ստեղծելու նպատակով: - Հիմնադրամը ծրագրում է նաեւ բեկումնային փոփոխություններ մտցնել առողջապահության ոլորտում: Հայտնի է, որ միջուկային բժշկության ծրագրով Երեւանում նախատեսվում է հիմնել կառույց, որը կարտադրի ուռուցքային եւ սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր: Ովքե՞ր են աշխատում այդ ծրագրի իրականացման վրա եւ ո՞ր փուլում է գտնվում այն: - Նախ` «Mcknsey & Company»-ին Հայաստանում կատարել է ուսումնասիրություն` ունենալով երկու հիմնական խնդիր` որքանո՞վ է այս ծրագիրը հեռանկարային Հայաստանում եւ ինչպե՞ս դառնալ տարածաշրջանի մրցունակ կենտրոնը: Ապրիլին մենք հնարավորություն ունեցանք օգտագործել նաեւ այս ոլորտում առաջատար երկրի ներկայացուցիչ գերմանացի պրոֆեսոր, Հայդելբերգի գլխավոր հիվանդանոցի գիտատեխնիկական գծով տնօրեն Թոմաս Հաբերերի փորձը: « I.B.A» բելգիական ընկերության հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել միջուկային իզոտոպեր արտադրող ցիկլոտրոն-արագացուցիչ: - Դուք նշեցիք, որ ամենաերկարատեւ աշխատանք պահանջող ոլորտը կրթությունն է: Հիմնադրամի կրթական ծրագիրը կենտրոնացված է կրթության, գիտության եւ տեխնոլոգիայի «նորարարության եռանկյունու» շուրջ: Ի՞նչ մեթոդով է գործելու այս «եռանկյունին»: - Կրթության ոլորտում դեռեւս առկա է առաջադրված հայեցակարգի հաստատման անհրաժեշտություն։ Այս հարցը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից քննարկման փուլում է: Ստեղծվելու են, այսպես ասած, «գերազանցության կենտրոններ», որոնք հնարավորություն են տալու միավորել կրթական օջախներում (հիմնականում` բուհ-երում) եղած ներուժը: Կրթության ոլորտի զարգացումը հնարավոր է ինքնաֆինանսավորման մեթոդի կիրառման արդյունքում: Օրինակ` հյուրանոցային ծառայություններից, մանրածախ առեւտրի կետերից ստացված շահույթի միջոցով հնարավոր է հոգալ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ծախսեր: Իհարկե, ոլորտի զարգացման հարցում նշանակություն ունի նաեւ պետական ֆինանսավորումը: - Հիմնադրամը մշակել է նաեւ «Լայնաշերտ հեռահաղորդակցության կապով Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել ցանցի հասանելիությունը եւ Հայաստանում ապահովել մատչելի ու հասանելի ինտերնետային կապ: Ո՞ր ընկերությունների հետ եք համագործակցում եւ ո՞ր փուլում է ծրագիրը։ - Համագործակցում ենք ծրագրի շահագրգիռ կողմերի` Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի եւ կապի նախարարությունների, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի հետ: Անցյալ տարի համագործակցեցինք գերմանական «Detecon International» ընկերության հետ, որը Հայաստանում կատարեց ինտերնետի ենթակառուցվածքի ուսումնասիրություն: Որպես «պիլոտային մոդել» ընտրելով Գեղարքունիքի մարզը, ընկերությունն առաջարկեց Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման ուղիներ: Ծրագրի իրագործման հարցում, բացի կառավարությունից, իրենց կարեւոր դերն ունեն մասնավոր ընկերությունները: Գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով, որը հայտարարել է մասնավոր ընկերությունների կողմից բիզնես-ծրագրերի ընդունում: Հաղթող ճանաչված ընկերությունը կհամագործակցի պետության հետ` Հայաստանում ինտերնետային կապը ավելի մատչելի եւ հասանելի դարձնելու նպատակով: - Վերը նշված ծրագրերի իրագործման ճանապարհին կարեւոր դեր կարող է խաղալ Հայաստանի եւ հիմնադրամի ներկայացումն արտերկրում: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: - Հայաստանն արտերկրին ներկայանում է հիմնականում միջազգային ցուցահանդեսներում, մամուլի ասուլիսներում, համաժողով-քննարկումներում: Օրինակ, 2009թ.-ին Կալիֆորնիայում գտնվող «Բերկլիի համալսարանում» գումարվել էր համաժողով-քննարկում, որը ներկայացնում էր Հայաստանի զարգացման, ներդրումային ծրագրերը, ՀԱՄՀ-ի գործունեությունը: Նմանատիպ հանդիպում է տեղի ունեցել նաեւ 2010թ.-ին Վաշինգտոնում, որտեղ կայացել է հիմնադրամի գործունեության շնորհանդեսը: Իսկ ահա այս տարի Գերմանիայի Բեռլին եւ Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքներում կայացած միջազգային ցուցահանդեսներում հիմնադրամը, Հայաստանի տուրօպերատորների համագործակցությամբ, ներկայացրել է մեր երկիրը: Նախագծերը հիմնականում ներկայացվում են Եվրոպայի թիրախ շուկաներին (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա): Այս տարի եւս պլանավորում ենք մասնակցել առնվազն երկու միջազգային ցուցահանդեսների։ Արտերկրում այսպիսի միջոցառումներին մասնակցելու նպատակը ոչ միայն հնարավոր զբոսաշրջիկների գրավելն է, այլեւ մասնակից տարբեր տուրօպերատորների հետ շփումը, կարծիքների եւ փորձի փոխանակումը:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ