«ԱԶԳ». ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԹԱՆԿԱՑՈՂ ԳԱԶԻ


«ԱԶԳ». ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԹԱՆԿԱՑՈՂ ԳԱԶԻ

  • 19-06-2013 07:04:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացման ու համաշխարհային ճգնաժամի պայմաններում հելիոֆիկացիան դարձել է ոչ միայն այլընտրանք, այլեւ ողջ աշխարհի ճակատագիրը»: Բնորոշումը պրոֆեսոր Վահան Համազասպյանինն է, ում գլխավորությամբ էլ երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ուենցավ «Հելիոֆիկացիաՙ այլընտրանքային էներգիայի գլխավոր աղբյուրը» թեմայով գիտաժողովը, նախաձեռնությամբ Ռամկավար ազատական կուսակցության:

Արդեն 10 տարի քննարկումներ են ընթանում հելիոսարքերի արտադրության գործարանի բացման վերաբերյալ: Այն նախատեսվում է բացել Սպիտակի նախկին վերելակաշինական գործարանի շենքում: Դրա համար կպահանջվի 700 մլն դրամի ներդրում: Ըստ Վահան Համազասպյանիՙ այդ կերպ ԱԷԿ-ից 5 անգամ ավելի շատ էներգիա կկարողանանք ստանալ: Նախատեսվում է օրական արտադրել 1000 կոմպլեկտ 5 կվատ հզորության սարքեր, արժեքը կլինի 400-600 դոլարին մոտ: Դա ամենաէժան գինն է արեւային էներգիայի օգտագործման դեպքում: Համազասպյանը վստահ է, որ Հայաստանի 350.000 գյուղացիական տնտեսությունների պահանջարկը գործարանը կբավարարի:

Այս առաջարկությունը դեռեւս տարիներ առաջ գիտնականը ներկայացրել է թե՚ կառավարությանը, թե՚ նախագահին: Սակայն որեւէ կոնկրետ պատասխան կառավարությունից չեն ստացել: Վերջին շրջանում գազի թանկացման ֆոնին արեւային էներգիայի գաղափարը կրկին դարձավ արդիական:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը ուսումնասիրել է առաջարկությունը: Տնտեսագիտական առումովՙ կողմ փաստարկները գերակշռում են, դեմ փաստարկներ որպես այդպիսին չի լսել եւ ցանկանում է հասկանալ, թե ինչո՞ւ է կառավարությունն անուշադրության մատնում այս գաղափարը: Մանասերյանն օրինակ է բերում Թուրքիայի թերզարգացած շրջանները, որտեղ բնակիչներն օգտվում են միայն արեւային էներգիայից: «Եթե Թուրքիայի թերզարգացած շրջաններում են հասել այդ մակարդակին, ինչո՞ւ մենք չենք կարող օգտվել այդ նույն կլիմայից եւ արեւից»: Մանասերյանը կարեւորում է, որ արեւային էներգիան հատկապես լուրջ օգնություն կլինի գյուղական վայրերի համար, եւ այդ կերպ սոցիալական բեռն էլ կթոթափվի:

«Գաղափարի իրագործման համար անհրաժեշտ է պետության եւ մասնավոր կառույցների խառը ներդրումային հիմնադրամի ստեղծում, եթե, իհարկե, հակափաստարկներ չկան», ասաց Մանասերյանը:

«Հակափաստարկներ չկան», ասաց Համազասպյանըՙ հավելելով, որ որեւէ լուրջ հակափաստարկ կամ քննադատություն իր առաջարկության հետ կապված չի լսել: Մանասերյանը ասում է, որ վերջերս Բրյուսելում Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ներկայացրել է արեւային էներգիայի գաղափարը, ինչը շատ լավ է ընդունվել: Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ փաստում է, որ բազմաթիվ միջազգային ամբիոններից էկոլոգիական տեսանկյունից ներկայացրել է գաղափարը, որն արժանացել է հավանության:

«Ար եւ արեւ» ընկերության տնօրեն Արա Պետրոսյանի մեկնաբանությամբՙ ամբողջ Եվրոպան այսօր իր հայացքը թեքում է դեպի արեւային էներգիան: Ի տարբերություն Հայաստանիՙ Եվրոպան 1,7 անգամ քիչ է արեւային էներգիա ստանում, սակայն արեւային էներգիան Գերմանիայի էներգետիկայի 6 տոկոսն է կազմում, Իտալիայիՙ 8, իսկ Բուլղարիայիՙ 4: «Այսինքն, եթե մենք սկսենք արեւային էներգիան որպես այլընտրանք ներկայացնել, ապա 1,7 անգամ ավելի շատ օգուտ ենք ստանալու, քան Եվրոպայում»:

Բացի այլընտրանքային էներգիայիցՙ Համազասպյանը հավաստիացնում է, որ արեւային էներգիայի միջոցով պատրաստված սնունդը չի առաջացնում քաղցկեղ եւ շատ ավելի համեղ է: Արեւային էներգիայով պատրաստված մթերքները մեծ արդիականության են վայելում Եվրոպայում: Ռուդոլֆ Հովհաննիսյանը եվրոպական բազմաթիվ երկրներում եւ ԱՄՆ-ում հաճախ է մասնակցել ցուցահանդեսների եւ ներկայացրել արեւային էներգիայով վերամշակված մրգեր: Հատկապես քմահաճ ֆրանսիացիներն այնքան են հավանել հայկական չրերն ու քացրավենիքը, որ դրանք ցուցադրվել են մի քանի քաղաքներում: Բացի յուրահատուկ համիցՙ արեւային էներգիայի միջոցով հնարավոր է լուրջ խնայողություններ կատարել: Օրինակՙ 3 կգ մրգից մեկ կիլոգրամ չիր է ստացվում, ինչը Եվրոպայում վաճառվում է 60-70 եվրո:

Քննարկումը, որը տեւեց շուրջ 3 ժամ, գրավել էր շատ մասնագետների, հեղինակավոր գիտնականների, որոնցից շատերը ունեցան հետաքրքրական ելույթներ, արեցին բազմաթիվ առաջարկներ: Դժբախտաբար բացակայում էին կառավարության ու գերատեսչությունների ղեկավարները, հակառակ որ կազմակերպիչները հրավիրել էին նրանց:

Քննարկման ընթացքում մասնակիցները որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված կլինեն կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ, ներդնողներ, եւ վերջնական լուծում տալ այս խնդրին:

Հ. Գ. - Երեկ քննարկմանը ներկա էին նաեւ մի շարք քաղաքացիներ, ովքեր, հաշվի առնելով գազի թանկացումը, եկել էինՙ հասկանալու, թե որտեղից կարող են գնել կայաններ արեւային էներգիա ստանալու համար: Ցավոք, նրանք հիասթափվեցին, քանի որ գաղափարի հեղինակներն ասացին, որ դրանք չեն վաճառվում, գիտական գաղտնիք է, եւ առայժմ չի հրապարակվում, մինչեւ պետությունը որոշում չկայացնի: Կարծում ենք, այս իրավիճակում, ճիշտ կլինի առաջնորդվել նաեւ բիզնես մտածողությամբ. գյուտը գրանցել որպես մտավոր սեփականություն, ուսումնասիրել շուկան եւ վաճառել կայանները: Վստահաբարՙ հասարակության մի զգալի հատված կգնի կայանները:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play