Մայրաքաղաքում ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն նվազել են


Մայրաքաղաքում ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն նվազել են

  • 24-06-2013 14:09:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում իրականացվող հսկողության շրջանակում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերի էական նվազում: Սրան նպաստել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ըստ վարչական շրջանների իրականացվող ամենօրյա շրջայցերն ու դրանց արդյունքում հարուցվող վարչական վարույթների հիման վրա կիրառվող վարչական պատասխանատվության միջոցները: Ըստ այդմ, առաջին անգամ իրավախախտում կատարող անձի նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով: Տուգանք նշանակելուց հետո ապօրինի շինարարությունը շարունակելու կամ հողազավթումը չվերացնելու դեպքում  կիրառվում է կրկնակի վարչական պատասխանատվություն և իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվում է 2,5 մլն դրամի չափով տուգանք։ 2010-2013 թվականների ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010-2011 թվականներին կազմված արձանագրությունների համեմատ (որոնք համապատասխանաբար եղել են թվով 445 և 282) 2012 թվականին դրանք նվազել են, և արձանագրվել է 149 դեպք: 

 
Խախտումները  2010 թվականի նկատմամբ նվազել են մոտ 3, իսկ 2011 թվականի նկատմամբ՝ 1,9 անգամ։ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմվել է 70 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազման միտում ունի (նախորդ տարի դրանց թիվը կազմել է 81): Ցուցանիշի նվազման վրա, ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, էական ազդեցություն են թողել նաև իրականացվող վարչարարության գործընթացները՝ հայտնաբերված իրավախախտումների հետագա ընթացքի նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու առումով, որի արդյունքում առաջին անգամ տուգանք նշանակելուց հետո  շարունակվող ապօրինությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություններ և նշանակվել 2,5 մլն դրամի չափով տուգանքներ։ Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին կազմվել են թվով 22 այդպիսի արձանագրություններ, 2012 թվականին՝ թվով 34, իսկ 2013 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում արձանագրվել է այդպիսի 2 դեպք։ Վարչության պետի խոսքով՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում նաև նախորդ տարիներին հայտնաբերված իրավախախտման դեպքերի գտնվելու վայրեր՝ տեղում փաստացի իրավիճակին ծանոթանալու համար: Բացի այդ, ինչպես նշել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, մշտական հսկողություն իրականացնելու արդյունքում իրավախախտում կատարած անձինք գիտակցում են ինչպես իրենց կողմից կատարված արարքի, այնպես էլ այն շարունակելու դեպքում միանշանակ կիրառվող վարչական պատասխանատվության մասին: Արդյունքում քաղաքացիները գերադասում են ձեռք բերել անհրաժեշտ թույլտվություն՝ շինարարական աշխատանքներն օրինական ճանապարհով իրականացնելու համար։ 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,  որ իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմելուց և իրավախախտումների նկատմամբ վարչական տուգանքներ նշանակելուց բացի, օրենսդրության  պահանջներից ելնելով, քննարկվում են նաև իրականացված ապօրինությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցերը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում ինքնակամ շինությունների քանդման և հայտնաբերված հողազավթման դեպքերի վերացման ուղղությամբ: 2010-2013 թվականների ընթացքում քանդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 568 դեպքով։


 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play