Կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության և GFI Software ՏՏ ընկերության միջև


Կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության և GFI Software ՏՏ ընկերության միջև

  • 24-06-2013 18:03:44   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI Software ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը: 
Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը և նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու GFI Software ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը: 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը և գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո: 
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ: Նախատեսվում է՝ առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել: GFI Software ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները և ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները:


***
«GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռնում ցանցային ադմինիստրատորներին լուծել ցանցի անվտանգության և բովանդակության, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանցման հետ կապված բոլոր խնդիրները՝ ծրագրերի միասնական հավաքածուի կիրառման միջոցով: 
Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին` ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիթորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: 
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են` 
- «ամպային» տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ,
- էլ. փոստի անվտանգության և արխիվացման լուծումներ,
- ցանցային անվտանգության լուծումներ,
- հեռավար մոնիթորինգի և կառավարման (RMM) ծառայություններ, 
- ռեզերվային ծրագրային ապահովման ծառայություններ, 
- կառավարման հակավիրուսային համակարգեր: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, «GFI Software»-ը հիմնվել է 1992թ. և ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մալթայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ռումինիայում, Հայաստանում և Կիպրոսում: «GFI Software»-ի գործընկերների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 10 հազարը: Այն ստացել է նաև «Microsoft Gold Certified Partner»-ի կարգավիճակ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: «GFI Software»-ի հաճախորդների թվում են Եվրոպայի կենտրոնական բանկը, Microsoft, NASA, Volkswagen, Coca-Cola, BMW, Siemens, Fujitsu, Peugeot, Toyota, Compaq, Ericsson, Giorgio Armani, Benetton և մի շարք այլ հայտնի ընկերություններ:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play