Ներկայացվել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման սցենարները


Ներկայացվել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման սցենարները

  • 25-06-2013 16:38:23   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր  կայացած խորհրդակցությանը քննարկվեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի նախարարությունների, Ասիական զարգացման բանկի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՀՀ կառավարության եւ ԱԶԲ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը ոլորտի ազգային ռազմավարական տեսլականի սահմանումն ու պլանավորումն է, տարբեր գերատեսչությունների եւ ինստիտուցիոնալ կարողությունների համակարգման անհրաժեշտությունը: 
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման այն սցենարները, որոնք մշակվել են խորհրդատու թիմի կողմից: Փոխվարչապետը հանձնարարեց նյութերը տեղադրել Տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարությունների կայքերում` հանրությանը հասանելի դարձնելու համար:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին հանձնարարվեց նաեւ ներկայացված լուծումների վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում քննարկումներ կազմակերպել շահագրգիռ պետական մարմինների, այդ թվում` Ազգային ժողովի, Վերահսկիչ պալատի, Հանրային խորհրդի,  Կայուն զարգացման ազգային խորհրդի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, եւ քննարկումների արդյունքներով ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնել իրականացվող ուսումնասիրությունների հետագա ընթացքի վերաբերյալ:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play