«ԱԶԳ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ


«ԱԶԳ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

  • 26-06-2013 09:22:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
 
Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրումը բուռն քննարկումների տեղիք տվեց խորհրդարանում: Հիշեցնենք, որ այդ ծրագրով նախատեսվում է 550 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Ենթադրվում է, որ Դիլիջանի տարածաշրջանում դա նկատելի տնտեսական աշխուժություն կառաջացնի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս նախագծին տրվելիք արտոնությունների ընդգծված դեմ տեսակետներ հնչեցին, բնականաբարՙ հիմնականում 90-ականների իշխանությունները ներկայացնող պատգամավորների կողմից:
 
Զերծ մնալով մեկնաբանություններից այդ կապակցությամբ, նշենք միայն, որ այս պահին այդ ծրագրին համարժեք խոշոր ներդրումային ծրագիր Հայաստանում ուղղակի չկա: Այս առումով հետաքրքրական է, թե այս տարվա առաջին եռամսյակում որքա՞ն օտարերկրյա ներդրումներ են կատարվել մեր երկրում, ի՞նչ համեմատության մեջ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանց ո՞ր մասն է ուղղակի եւ ո՞ր երկրներից է կատարված:
 
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին, համաձայն ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում կատարվել է 131 մլն դոլարի ներդրում (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածների), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (148,7 մլն դոլար) համեմատ նվազել է 11,9 տոկոսով: Այս ներդրումներից ուղղակի ներդրումները կազմել են 57,7 մլն դոլար, որը նույնպես նվազել է` 35,4 տոկոսով (նախորդ տարվա առաջին եռամսյակինՙ 89,3 մլն դոլար):
 
Ամենաշատ ներդրումները Հայաստանում կատարել են Կանադան` 34 մլն դոլար, Արգենտինան` 26,9 մլն դոլար, Ֆրանսիան` 25 մլն դոլար, Ռուսաստանը` 21,7 մլն դոլար, Ֆինլանդիան` 9,5 մլն դոլար: Նրանք նկատելիորեն առաջ են անցել Հայաստանում ներդրում կատարած մյուս երկրներից: Համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետՙ ավելացել են միայն Ֆրանսիայից, Արգենտինայից եւ Ֆինլանդիայից կատարված ներդրումները:
 
Այսպիսով, ակնհայտ է, որ ներդրումների ծավալը Հայաստանում նվազել է, եւ նոր ներդրումային ծրագրերի անհրաժեշտություն կա: Այս առումով այնպիսի խոշոր ներդրումային ծրագիր, ինչպիսին Դիլիջանի միջազգային դպրոցն է, պետք է որ գոնե արհեստական խոչընդոտների չհանդիպի:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play