Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի <<Հայկական պուրակի>> անվանակոչման հանդիսավոր արարողությանը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի <<Հայկական պուրակի>> անվանակոչման հանդիսավոր արարողությանը

  • 26-06-2013 13:18:55   | Լեհաստան  |  Տնտեսություն

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամների հետ  մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը <<Հայկական պուրակ>>անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:


Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:
Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:


Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել <<Հայկական պուրակ>>գրառումով ցուցատախտակը:


Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ և լեհ ժողովուրդներից:


Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երևանի և Վարշավայի քաղաքապետարանները ստորագրել են Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների միջև առավել սերտ համագործակցություն և, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play