ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Տավուշի եւ Լոռու մարզեր


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Տավուշի եւ Լոռու մարզեր

  • 26-06-2013 18:38:25   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Տավուշի եւ Լոռիի մարզեր: 
Փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախ այցելեց մարզի Կիրանց, Ներքին Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ համայնքներ, ծանոթացավ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, գյուղապետերի հետ քննարկեց սեփական եկամուտների հավաքագրման, բերքի իրացման,  գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված եւ ընթացիկ այլ խնդիրներ:  Փոխվարչապետը  հանդիպումներ ունեցավ նաեւ բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին  խմելու եւ  ոռոգման  ջրի ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղտեխնիկայի ձեռք բերմանը, նախակրթարանների  կառուցման անհրաժեշտությանը:  Բնակիչներին հետաքրքրում էին նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալապես անապահով խավին կառավարության կողմից  օժանդակության ցուցաբերման հարցերը: 
Բնակիչներին լսելուց հետո` փոխվարչապետը  խոստացավ, որ  Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները կայցելեն համայնքներ, տեղում կուսումնասիրեն հնարավորությունները` լուծումներ առաջարկելու համար: Նշվեց, որ խնդիրների լուծման առաջնային նախապայմաններից  է  ջրաղբյուրների առկայությունը, ինչը թույլ կտա ջուրը համայնքներ հասցնել ինքնահոս եղանակով:
Միաժամանակ  մարզային եւ  տեղական իշխանությունների ներկայացուցիչները տեղեկություններ ներկայացրեցին համայնքներում իրականացվող  ծրագրերի եւ բարձրացված  խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ  Կիրանցում առաջիկայում կմեկնարկեն  նոր ոռոգման ջրագծի  կառուցման աշխատանքները, որոնք կատարվում են «Հայաստան»  համահայկական հիմնադրամի ծրագրով:    
Համայնքներում նաեւ իրականացվում են սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր.  Ներքին Ծաղկավանում  մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով  ավարտին է մոտենում համայնքային կենտրոնի կառուցումը,  Բերքաբերում  Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով  վերանորոգվում է  դպրոցը,  առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ  ծրագրով կառուցվել է համայնքային կենտրոն, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի  թեմի աջակցությամբ  կառուցվում է  եկեղեցի: Ուսումնասիրվում է նաեւ Ներքին Ծաղկավանի գյուղամիջյան սողանքային ճանապարհի հարցը, որը նախատեսվում է վերանորոգել պետբյուջեի միջոցներով:    
Կիրանցում, Ներքին Ծաղկավանում եւ  Սարիգյուղում  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակում ստեղծվել են  գյուղացիական կոոպերատիվներ,  որոնց անդամներն էլ  փոխվարչապետին  ներկայացրեցին արդյունքների մասին: Մասնավորապես նշվեց, որ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաեւ  համապատասխան գյուղտեխնիկա, որն արդեն շահագործվում է:  
 Փոխվարչապետը հետաքրքրվեց նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի տրամադրման  պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի մասին: Բնակիչները նշեցին, որ դժգոհություններ չունեն եւ խնդրեցին  շարունակել  դիզվառելիքի բաշխումը, որը դադարեցվել էր Ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումներով պայմանավորված: Փոխվարչապետը խոստացավ հարցը քննարկել կառավարությունում:
Այնուհետեւ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքի զարգացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվեցին Դիլիջանում պետության, համայնքի եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համադրման, դրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման եւ մի շարք այլ հարցեր:
Փոխվարչապետը հանձնաժողովում ներգրավված պետական մարմինների, մասնավոր ընկերությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց  առաջարկություններ ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ, որը քննարկելուց եւ ամբողջացնելուց հետո կներկայացվի կառավարություն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապված բաժնից հայտնում են, որ Տավուշի մարզից փոխվարչապետը մեկնեց Լոռի:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play