Թեքահարթակների կառուցման համար առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ


Թեքահարթակների կառուցման համար առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ

  • 27-06-2013 16:55:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ որում, չափորոշիչներով  նախատեսված է ապահովել թեքահարթակի  8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շինարարական օբյեկտների շինաշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս ռազմավարության հիմքում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրի ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն է`ապահովելով անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play