Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են <<Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի>> մշակման մրցույթի արդյունքները


Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են <<Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի>> մշակման մրցույթի արդյունքները

  • 28-06-2013 15:58:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող <<Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի>> մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ:  
<<Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան>> մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել: 
Քաղաքապետի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է նման բաց, հասարակական գործընթացում երիտասարդության ներգրավվածությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական.
<<Ստացված բոլոր առաջարկներն էլ եղել են յուրովի հետաքրքիր ու կարևոր մայրաքաղաքի համար` իրենց նոր մոտեցումներով:  Բոլորդ փորձել էիք արտահայտել Երևանի նկատմամբ սերը: Համոզված եմ, որ նաև ձեր շնորհիվ կընտրվի այնպիսի բրենդային ձևաչափ, որը կիրառելի կլինի ամենատարբեր ասպարեզներում և իսկապես համահունչ կլինի Երևան քաղաքին և հարազատ` երևանցուն>>,- նշել է Արամ Սուքիասյանը: 
Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել  ձևավորած համատեղ աշխատանքային խմբի հետ մասնակցելու բրենդավորման աշխատանքներին: Նշենք, որ Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ՝ ներկայացնել  հանրությանը:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատականի համար` մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ գործընթացում և այդպիսով նպաստել նաև մայրաքաղաքի զարգացմանը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում միջազգային փորձագետ, բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը ներկայացրել է բրենդավորման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հիմնական սկզբունքները:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play