Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը դարձել է Արտասահմանում Ֆրանսիական ԱՊ Միության անդամ


Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը դարձել է Արտասահմանում Ֆրանսիական ԱՊ Միության անդամ

  • 01-07-2013 18:24:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Արդեն 2 տարի է, ինչ Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը (CAFA), որը հիմնադրվել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ, իր շուրջն է համախմբում հայ-ֆրանսիական գործարար համայնքը և միտված է աջակցելու անդամ-կազմակերպությունների գործունեությանը, նպաստելու հայկական և ֆրանսիական ընկերությունների միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացմանը:

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի նախագահ Արման Փինարբասին նշեց, որ ակումբի  անդամների թիվն աստիճանաբար աճում է, և ներկայումս նրանց թիվը հասել է 30-ի:

«Հաշվի առնելով երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային նոր ծրագրերի զարգացման կայուն դինամիկան և կազմակերպությունների շահագրգռվածությունը` նախորդ տարվա վերջին մենք նախաձեռնեցինք և սկիզբ դրեցինք CAFA-ի` Հայաստանում ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի վերակազմավորման գործընթացը»,- ասաց  Ա. Փինարբասին: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս նպատակով  բանակցություններ են վարել Արտասահմանում Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատների Միության (UCCIFE) հետ, որը համախմբում է 80 երկրում գործող ավելի քան 100 Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատների (CCIFE) կազմում ընդգրկված 30 000 կազմակերպություն:

Մի քանի ամսվա բանակցությունների արդյունքում, UCCIFE-ի`2013 թվականի հունիսի 24-ին Փարիզում կայացած Ընդհանուր ժողովի ժամանակ CAFA-ն պաշտոնապես դարձավ այդ «մեծ ընտանիքի» անդամ:

«Այս անդամակցությունը մեզ թույլ կտա ընդլայնել և ավելի արդյունավետ դարձնել մեր գործունեությունը` նպատակ ունենալով հաստատել նոր կապեր, տեղեկատվություն տրամադրել առևտրային գործունեության վերաբերյալ, բացահայտել գործարար հնարավորությունները և ընկերությունների աջակցության ծառայությունների (SAE) ամբողջական փաթեթ տրամադրել բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են արտահանել, ներկրել կամ ներդրումներ կատարել Հայաստանում և Ֆրանսիայում»,- ասաց CAFA-ի նախագահը: Նա համոզմունք հայտնեց, որ այս անդամակցությունը նոր խթան կլինի ինչպես Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, այնպես էլ Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար: 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play