Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում


Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում

  • 04-07-2013 15:56:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ ապահովել է Վայոց ձորի մարզի Ելփին, Արարատի մարզի Վարդաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման, Շիրակի մարզի Մարալիկի 9 բազմաբնակարան կիսակառույց շենքի շինարարության ավարտի աշխատանքների կատարումը։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել սույն որոշման համաձայն նախատեսված 59.5 մլն դրամով ավարտել մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Նույն ընթացակարգով Կոտայքի մարզպետին թույլատրվել է Չարենցավանի N5  դպրոցի շենքի հիմնանորոգման ժամանակ տնտեսված ավելի քան 30 մլն դրամն իրացնել Պռոշյան համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով։ Կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման որոշում, որը վերաբերում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մասնաշենքերի վերակառուցման հրատապ խնդրին և ենթադրում է դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարման պետգնման ծավալաթերթի փոփոխություն։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունն ավելի քան 93 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսված օբյեկտների վերակառուցման մրցունակ շինարարական արտադրանքի ձեռքբերման, նորակառույց օբյեկտների շահագործման նպատակով։
ՀՀ 2013 թ. պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ և լրացմամբ գործադիրը նախատեսել է ապահովել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։ Հիմնանորոգման համար տրամադրվել է մոտ 1 մլրդ դրամ, որից ավելի քան 230 միլիոնն առաջացած տնտեսման հաշվին է։
 
 
Այլ որոշումներ
 
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երրորդ փուլի իրականացման համար գործադիրը ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ հատկացրել է 1 մլն դրամ։ 
Գործադիրն իր որոշմամբ ճանաչել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները։
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարությունը Երևանում բնակվող անհատ ձեռնարկատեր Ռասթքար Էբրահիմխալիլին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Նարեկ Թովմասյանին։ Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է նրա հաջողությանը. «Նարեկ Արամի Թովմասյանն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` Սթենֆորդի համալսարան։ Ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը։ Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ ենք զգում, երբ մեր համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` համակարգչային տեխնիկայի մասնագիտությամբ։ Ընդհանրապես մեր դպրոցների տնօրենները մրցակցում են իրար հետ, թե շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվում բուհեր»։ Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` վարչապետն անհրաժեշտ է համարել պարզել, թե այն 170 ուսանողները, որ այսօր սովորում են աշխարհի լավագույն 10 համալսարաններում, որ դպրոցներն են ավարտել, որովհետև նրանց ուսուցիչները խրախուսման արժանի են։ «Դա, ինձ թվում է, դրական երևույթ է, երբ դպրոցներն իրար հետ մրցակցում են, թե իրենց երեխաներից քանիսն են ընդունվում բուհեր, և որ բուհերն են ընդունվում։ Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ Գեղարքունիքի մարզի փոքրիկ համայնքային դպրոցի շրջանավարտն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարան։ Շնորհակալություն», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play