Մեկնարկել է Էրեբունի ամրոցի պեղումների գործաշրջանը


Մեկնարկել է Էրեբունի ամրոցի պեղումների գործաշրջանը

  • 06-07-2013 17:11:07   | Հայաստան  |  Մշակույթ

Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում ս. թ. հուլիսի 2-ից մեկնարկել է 2013թ. պեղումների գործաշրջանը: Պեղումները կընթանան Խալդիի տաճարից դեպի արևելք տանող երթևեկելի առանցքով` նպատակ ունենալով կատարել ժամանակագրական ճշգրտումներ և պարզել երթևեկելի հատվածի նախնական նիշը:  
Պեղումները կընդգրկեն նաև Խալդիի տաճարի արևելյան ճակատի երկայնքը: Հնագիտական միջամտություններին զուգահեռ կուսումնասիրվեն հնավայրի պեղվող հատվածներից հայտնաբերված խեցեղենն ու գտածոները, այդ տվյալները կհամադրվեն տաճարից հյուսիս գոյություն ունեցող կառուցվածքների տարրերի հետ` թույլ տալով մոտենալ սյունազարդ մեծ դահլիճի թվագրման խնդրին: 
Գլոբալ առումով պեղումները թույլ կտան հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում  շարունակվել է ուրարտական վերջին ժամանակաշրջանից մինչև աքեմենյան տիրապետություն ընկած   միջակայքում: Դրանք թույլ կտան վերանայել նաև <<ապադանա>>-ի /հանդիսությունների սրահի/ թվագրությունը, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ք. ա. 6-րդ դարի 1-ին կեսին: 
Հաշվի առնելով Էրեբունի ամրոցում օգտագործված նախնական շինանյութի` հում աղյուսի բեկունության բարձր աստիճանը` արշավախմբի և <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում կլինի նաև նախորդ տարի պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տևական պահպանության խնդիրը:   Կքննարկվի նաև պեղումների այս հատվածը բաց թողնելու և հանրությանը ներկայացնելու հնարավորությունը:  
Էրեբունի ամրոցում 2013թ. պեղումների ձեռնարկողը <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ֆրանսիական արշավախումբը, ինչպես և 2008-2012թթ.,  ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Հայկական կողմի աշխատանքները այս տարի ղեկավարում է արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: <<Էրեբունի>> արգելոց-թանգարանից հայտնում են՝ որ պեղումները կտևեն 1 ամիս:
<<Էրեբունի>> արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ  հնագիտությամբ և հնագիտական ժառանգության պահպանության խնդիրներով հետաքրքրվողների համար ֆրանսիացի մասնագետները կանցկացնեն ճանաչողական դասախոսություններ, որոնց թեմաների և ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play