ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մասնակցել է Հայ-ռումինական գործարար համաժողովին


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մասնակցել է Հայ-ռումինական գործարար համաժողովին

  • 09-07-2013 16:42:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակներում հուլիսի 9-ին տեղի ունեցավ հայ-ռումինական գործարար համաժողով, որին մասնակցում էին  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությանյանը, ՀՀ արդյունաբերողների և գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանում ռումինա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռադու Անյուն, և այլք:
 
Համաժողովին մասնակցում էր Ռումինիայից ժամանած գործարար պատվիրակություն՝ 29 ընկերություն, որոնք ներկայացնում էին  արդյունաբերության տարբեր ճյուղեր՝ տուրիզմ, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և շինանյութեր, կենցաղային քիմիա, հեռահաղորդակցություն, և այլն:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունելով հայ-ռումինական  գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին՝ նշեց, որ հայ-ռումինական բարեկամությունը գալիս է դարերի խորքից:
 
«Այսօր հայ-ռումինական առևտրատնտեսական կապերը էապես զիջում են մեր քաղաքական և պատմական հարաբերությունների մակարդակին: Հենց սա  մեզ հանգեցրեց գործարար համաժողով անցկացնելու գաղափարին:  Համոզված եմ, որ այս համաժողովը կդառնա առևտրատնտեսական հարաբերությունների առաջընթացի կարևոր պայման»,-շեշտեց նախարարը:
 
Գագիկ Բեգլարյանը անդրադարձավ ՀՀ գործարար միջավայրին, տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին:
 
«Վերջին տարիներին Հայաստանում պարզեցվել են գործարքներն ընկերության հիմնադրման, շինարարական թույլտվությունների ստացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման և մի շարք այլ ոլորտներում: Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես-2012» տարեկան զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 18 կետով` 185 երկրների շարքում գրավելով 32-րդ տեղը: Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն  է համարվել ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում»,- նշեց Գ.Բեգլարյանը:
 
Նախարարն ընդգծեց, որ խոշոր քայլեր են իրականացվում նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, ինչը զգալիորեն կիջեցնի տրանսպորտային բաղադրիչի արժեքը:  Հայաստանում վերելք է ապրում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է   օտարերկրյա ներդրումների համար: Այդ մասին են վկայում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում գործող ավելի քան 360 ընկերությունները, որոնցից 151-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Հայաստանում ներկայացված են միջազգային խոշոր կազմակերպություններ, դրանցից են` «Սինոփսիսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մայքրոսոֆթը», «Դ-Լինկը», «Մենթոր Գրաֆիկսը» և այլն:
 
Ավանդական և հայերին համաշխարհային համբավ բերած ոլորտներից Գագիկ Բեգլարյանն առանձնացրեց ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Հայկական ոսկեգործական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Լուրջ ծրագրեր կան՝ Հայաստանը վերածելու ոսկերչության տարածաշրջանային, նաև միջազգային կենտրոնի` ոսկերչության ազատ տնտեսական գոտու ստեղծման ճանապարհով:
 
«Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում` տեխնիկական վերազինման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով: Ցանկանում ենք տեսնել ռումինական կապիտալի աճ նաև զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք մեր պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են»,-նշեց նախարարը:
 
Գ. Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ հայ-ռումինական գործարար համաժողովը նպաստելու է հայ և ռումինացի գործարարների միջև տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը` ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության։
 
Հայ-ռումինական գործարար համաժողովի ընթացքում կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ հայ-ռումինական կոմերցիոն և արդյունաբերական միության և ռումինա-հայկական երկկողմանի առևտրաարդյունաբերական պալատի միջև: 
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ գործարար համաժողովի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ հայ և ռումինացի գործարարների միջև՝ փոխշահավետ համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play