Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը


Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը

  • 10-07-2013 16:02:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Պահանջները խստացվում են
 
Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը: 
Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների բնութագիրը և առավելագույն գները հաստատող որոշման մեջ, նորացնելով որոշ ապրանքատեսակների ցանկը և սահմանելով լայնամասշտաբ կիրառվող ապրանքատեսակների առավելագույն գները:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթները կատարելու, մասնավորապես դիտարկման ընթացքում մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով հսկիչ գնումներ կատարելու հնարավորություն ունենալու համար կառավարությունը որոշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընդգրկել նման լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկում:
ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել «Հայասի Գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ավարտել վերամշակման աշխատանքները, կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը և պահպանել ստեղծված աշխատատեղերը: 
Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2001 թ.հունվարի 13-ի թիվ 20 որոշումը: Փոփոխություն կատարելով 2013թ. փետրվարի 7-ի թիվ 84 որոշման մեջ, մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռք բերման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված վարկի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2013թ. հուլիսի 30-ը:
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության հետևանքները գնահատելու և պետական լիազոր մարմնի իրավասությունները ամրագրելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 2003թ. օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ: Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Հիմա մենք նաև մի մեծ գործընթաց ենք սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով և ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք: Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք: Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել: Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով կառավարությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ազատել է վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից: 
Նկատի ունենալով, որ կրթական, գիտական և գիտատեխնիկական ոլորտների համար ՀՀ գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությամբ նախատեսված` նոր հարկային արտոնությունների տրամադրում նախատեսող դրույթները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play