Արմեն Հարությունյան. «Թողնում եմ կայացած ինստիտուտ»
02-02-2011 16:38:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին
հրաժարականի մասին դիմում է ներկայացրել Հայաստանի Ազգային Ժողով`
տեղեկացնելով, որ ստանձնել է Կենտրոնական Ասիայում Միացյալ Ազգերի
կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի
տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին նա հայտնեց
փետրվարի 2-ին` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում
ըստ ամենայնի իր վերջին ասուլիսում:
Ա.Հարությունյանը նշեց, որ Հայաստանի նախագահին եւ
իշխանության երեք ճյուղերին է ներկայացրել Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության եւ Հայաստանում մարդու իրավունքների
վիճակի մասին 2010թ.-ի տարեկան զեկույցը: Ըստ վիճակագրական
տվյալների, 2010թ.-ի ընթացքում Պաշտպանին ներկայացվել է ավելի քան
4089 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում են ստացել 123-ը, ինչի
արդյունքում վերականգնվել են 562 անձանց խախտված իրավունքները:
Առավել մեծ թիվ են կազմել ոստիկանության դեմ ներկայացված
դիմում-բողոքները` 221: Դատարանների դեմ ստացվել են 168 դիմումներ,
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ` 139, Երեւանի
քաղաքապետարանի դեմ` 73, Պաշտպանության նախարարության դեմ` 54,
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ` 41:
Պաշտպանը ամփոփեց նաեւ իր 5-ամյա պաշտոնավարության
արդյունքները: Ըստ այդմ, 2006թ.-ի փետրվարի 20-ից մինչեւ 2010թ.-ի
դեկտեմբերի 31-ը նա ստացել է ավելի քան 18346 դիմում-բողոք 28041
անձանցից: Դրանցից դրական լուծում է ստացել 530 դիմում-բողոք եւ
վերականգնվել 8703 անձանց խախտված իրավունքները: Պաշտոնավարման ողջ
ընթացքում ներկայացվել են 5 տարեկան եւ ավելի քան 10 արտահերթ
հրապարակային զեկույցներ: Օրենսդրության մի շարք դրույթների
հակասահմանադրականությունը ճանաչելու հարցով Պաշտպանի կողմից
Սահմանադրական դատարան ներկայացված 12 դիմումներից բավարարվել է
7-ը:
Ըստ Ա.Հարությունյանի, «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի
նախագծի ընդունմամբ հստակեցվել են Պաշտպանի գործունեության
սկզբունքները, Պաշտպանի եւ դատական համակարգի փոխգործակցության
կառուցակարգերը, Պաշտպանի եւ նրա աշխատակազմի գործունեության
սոցիալական երաշխիքներն ու իրավական կարգավիճակը:
«Թողնելով կայացած ինստիտուտ, ես ցանկանում եմ ՀՀ ՄԻՊ
հաստատությանը հետագա բեղմնավոր գործունեություն ժողովրդավարական
սկզբունքների իրացման գործում»,- ասաց Ա.Հարությունյանը: Նա
միաժամանակ հայտարարեց, որ ներողամտություն է հայցում այն
քաղաքացիներից, ովքեր ավելին էին ակնկալում իրենից. «Հավաստիացնում
եմ, որ արել եմ առավելագույնը, ինչ կարող էի, եւ հույս ունեմ, որ
ՀՀ մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը կանի ավելին»: