Արարատի մարզի գյուղացիները ահազանգում են մարզում հասունացող բնապահպանական աղետի մասին


Արարատի մարզի գյուղացիները ահազանգում են մարզում հասունացող բնապահպանական աղետի մասին

  • 15-07-2013 17:28:02   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել են, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: 

Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում արդարացիորեն զայրացած բարձրաձայնում էին, որ պատճառը կայանում է նրանում, որ գիշերը ջրանցքի ջրով ջրել են իրենց ցանկատարածքները ու քանի որ մութ է եղել, չեն նկատել, որ ջուրն աղտոտված է այն աստիճանի, որ անգամ սատկել էին ձկները, որոնց թիվը հնարավոր չի հաշվել, քանի որ շատ-շատ է:

Գյուղացիները կարծում են, որ մեղավորը Արարատի մարզում գործող «Արտաշի» գինու գործարանն է, որը ծիրանի մթերումը կատարելուց հետո քիմիական նյութերով լվացել է մթերման պարագաները, ինչից հետո էլ կեղտաջրերը բաց է թողել ջրանցքը:

Դալարի գյուղապետը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ ինքն էլ է կարծում, որ գյուղացիները ճիշտ են, իսկ թե ո՞վ է պատասխան տալու գյուղացիների կրած վնասի համար, դեռևս պարզ չի: 
Կատարվածի մասին գյուղապետն արդեն ներկայացրել է մարզպետարան և Բնապահպանության նախարարություն: Հավաքված գյուղացիները հայտնում են, որ եթե հարցին լուծում չտրվի, ապա իրենք իրենց «նաֆարով» գալու են Կառավարություն, որպեսզի Կառավարությունը լուծում գտնի այս հարցի շուրջ: 

Շատ գյուղացիներ էլ հայտնում են որ վարկով գումարներ են վերցրել ու հիմա փաստի առաջ են կանգնել: 

Մի քանի գյուղացիներ էլ զայրացած հայտնում էին, որ զանգահարել և այդ մասին տեղեկացրել են մի քանի բնապահպան կազմակերպությունների, սակայն նրանք պատասխանել են, որ իրենք այդ հարցով ոչինչ չեն կարող անել, սակայն ֆոտոլրագրողը երբ նրանցից փորձել է ճշտել, թե ո՞ր բնապահպանական կազմակերպությունների մասին է խոսքը, կարո՞ղ են նրանք կոնկրետ հայտնել այդ կազմակերպությունների անունները, նրանք հրաժարվեցին ասել: 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play