«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում կաշխատեն ՊԵԿ-ի ներկայացուցիչներ


«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում կաշխատեն ՊԵԿ-ի ներկայացուցիչներ

  • 18-07-2013 16:07:44   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Այսօր`հուլիսի 18-ին ստորագրվեց համագործակցության պայնագիր Հայփոստի եւ ՀՀ ՊԵԿ-ի միջեւ, ըստ որի «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, <Հայփոստ Թրասթ Մենեջմենթ>-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, <Հայփոստ> ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով` Հայփոստը եւ ՊԵԿ-ը համընթաց քայլ են կատարում աշխարհում ընթացող գործընթացների հետ, քանի որ օր-օրի ավելանում է ինտերնետ- վաճառքների քանակը եւ այս պայմանագիրը հնարավորություն է տալիս ավելի արդիական սպասարկում իրականացնել հայփոստի բաժանմունքներում: Գագիկ Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայփոստի ցանցի օգտագործմամբ, ՊԵԿ-ը ինքն է գնում դեպի բնակչությունը, ավելի հասանելի դառնալով հարկ վճարողների համար: 
 Հայփոստում ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը:  Իսկ սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:
Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում  միաժամանակ օգտվել ինչպես ՊԵԿ, այնպես էլ «ՀայՓոստ»-ի ծառայություններից: Այսպիսով, սպասարկման կետերի քանակի և աշխարհագրական տեղաբաշխվածության ընդլայնումը թույլ կտա այդ ծառայություններից օգտվող հարկ վճարողներին խնայել բավականին ժամանակ և միջոցներ:  
 
Այս համագործակցությունը համահունչ է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ստրատեգիական ծրագրերին: Մինչեւ 2013թ. ավարտը «Հայփոստ»-ի նորոգված բաժանմունքների թիվը ողջ հանրապետությունում կանցնի 200-ից: Միաժամանակ 2013թ. «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը կիրականացնի խոշոր փոստային եւ կոմերցիոն ծրագրեր «Լա Փոստի», «Փոստե Իտալիանեի» և «Պոչտա Ռոսսիի« հետ: Կիրականացվեն փոստային առաքանիների լոգիստիկ պրոցեսների վերակազմավորում, արագ դրամական փոխանցումների նոր համակարգերի ներդրում, ծրագրային լուծումների նոր համակարգերի ներդրում, ավտոմեքենաների շարժակազմի թարմացում, փոստբանկային ծառայությունների ներդրում, կատալոգային վաճառքների ընդլայնում եւ այլն: 
Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում: 
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: 
Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play