Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներում ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ պետք է բարձրանա նաև մատուցվող ծառայությունների որակը


Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներում ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ պետք է բարձրանա նաև մատուցվող ծառայությունների որակը

  • 19-07-2013 00:08:30   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները հանդիպել են մայրաքաղաքի միկրոավտոբուսային և ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացնող մասնավոր ընկերությունների տնօրենների հետ: Բնագավառի ղեկավարներն ընդգծել են, որ 2013 հուլիսի 20-ից միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներում նախատեսվող ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խստագույնս հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանը` ուղևորափոխադրումները ավելի քաղաքակիրթ դարձնելու նպատակով: 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ անհրաժեշտ է վարորդների աշխատավարձերի բարձրացման միջոցով հնարավորին շատ վարորդներ ընդունել աշխատանքի` անհրաժեշտ պահանջարկը բավարարելու ու այդ նպատակով նաև նոր ավտոբուսներ ներկրելու համար: 


Վերջինիս խոսքով՝ ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է տրանսպորտային ընկերությունների պայմանագրերում ամրագրված սահմանված չափանիշների կատարմանը: Մասնավորապես, խիստ վերահսկվելու է տրանսպորտային միջոցների աշխատանքի պարբերականությունը հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին: Բացի այդ, երթուղիներում չպետք է լինեն տեխնիկապես անսարք կամ  սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող  փոխադրամիջոցներ: Ուղևորափոխադրող ընկերությունների առջև պահանջ է դրվել նաև հետևել վարորդների սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն և ուղերթի տևողության ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը: Հատկանշվել է նաև, որ պարտավորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ ծառայությունները  ոչ լիարժեք շարունակելու դեպքում ընդհուպ մինչև կխզվեն պայմանագրերը տվյալ տրանսպորտային ընկերությունների հետ: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծավալված երկխոսության ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են տնտեսվարողների  հարցերին:

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play