«ՎԶԵԲ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում».Սումա Չակրաբարտի


«ՎԶԵԲ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում».Սումա Չակրաբարտի

  • 19-07-2013 17:55:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
 
Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, Հանրապետության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր և ֆինանսական հատվածներում, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման առումով:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, Հայաստանի առաջնահերթություններին, տնտեսության զարգացման ներուժին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին:
 
ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, խոսելով մեր երկրի հետ բանկի երկարամյա արդյունավետ համագործակցության և դրա արդյունքում Հայաստանում իրականացված խոշորածավալ ներդրումների մասին, գոհունակությամբ է փաստել ՀՀ կառավարության հետ այսօր բանկի ստորագրած վարկային համաձայնագիրը, որը, ըստ նրա, փոխգործակցության հերթական լավ օրինակն է և ուղղված է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանը:
 
Հանդիպման ավարտին ՎԶԵԲ նախագահը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը՝ ուղղված երկրի տնտեսության աճին, ենթակառուցվածքների և գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի կարողությունների ընդլայնմանն ու կարևորագույն այլ խնդիրների լուծմանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play