ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ

  • 23-07-2013 17:56:15   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 23-ին հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:
 
Նախարարը կարևորեց  Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը հեռահաղորդակցության և ճանապարհաշինության բնագավառներում, վստահություն հայտնեց, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։
 
Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև վերջին շրջանում  ծրագրում առաջացած այն խնդիրները, որոնք կապված էին տեխնիկական և ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» ընկերության հետ:
 
«Իրավիճակն այնպիսին էր, որ մենք ցանկանում էինք նույնիսկ պայմանագիրը խզել «Սաֆեժ»-ի հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացան վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այսօրվա աշխատանքների ընթացքից ես գոհ եմ»,- նշեց նախարարը:
 
Անրի Ռենոն  ասաց, որ ինքը նույնպես տեղյակ է եղել «Սաֆեժ»-ի հետ կապված խնդիրներին, ուրախ է, որ դրանք արդեն վերացվել են:
 
Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ» ընկերությունը կատարել է մի շարք բարելավումներ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր:
 
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական համագործակցության տարբեր բնագավառներում ֆրանսիական ընկերությունները Հայաստանում  սպասված են և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play