Բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը Հայաստանում է


Բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը Հայաստանում է

  • 26-07-2013 12:31:44   | Հայաստան  |  Տնտեսություն

Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր: 
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է տրակտորների պահեստով:  Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է նոր ձեռք բերված տրակտորների տեխնիկական հնարավորություններով և անձամբ փորձարկել  դրանցից մեկը: Այնուհետև վարչապետի ներկայությամբ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի և Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջև: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին և շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար: 
2013 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում  շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) և լիզինգային տարբերակով:  Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հետևյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի  տրակտորների համար և 3 տարի` հարակից սարքավորումների համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play