Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում բացվել է արդիականացված փոստային մասնաճյուղ


Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում բացվել է արդիականացված փոստային մասնաճյուղ

  • 26-07-2013 14:31:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի  արդիականացված փոստային մասնաճյուղի եւ թիվ 01 բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը: 
Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են կիրառվող աշխատանքային ստանդարտները, ներդրվել են միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգեր, տեղադրվել են արդի համակարգիչներ եւ ծրագրեր, ամբողջությամբ նորացվել է ավտոմեքենաների կազմը, տեղադրվել են անվտանգության արդիական համակարգեր, վերապատրաստվել է աշխատակազմը: 
Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում: 
Ֆրանսիական փոստի ազգային օպերատոր <Լա Փոստե>- ի հետ համատեղ Հայփոստը մշակում եւ ներդնում է լոգիստիկ նոր սխեմա, որի կիրառումը զգալիորեն կբարելավի փոստային կապի որակը: Այս ծրագրով` Սեւանի մասնաճյուղում ստեղծվել է փոստի տեսակավորման մարզային նոր կենտրոն, որտեղից 6 նոր մեքենաները կիրականացնեն Գեղարքունիքի մարզի փոստային փոխանակումը: Նոր սխեմայի կիրառումը` մարզում փոստի փոխանակման օպերատիվությունն ու արագությունը կավելացնի  ավելի քան 40 տոկոսով:  
Ռենո եւ Դեու մակնիշի բոլոր 6 մեքենաները հագեցած են GPS համակարգով, որը թույլ է տալիս հետևել մեքենաների ճշգրիտ շարժին և օժանդակել մեքենաների  անվտանգության ապահովմանը:
Սեւան քաղաքում այսօր ներկայացվեց նաեւ Փոստմարկետի նոր`4-րդ  կատալոգը` բաղկացած 180 էջից: Եթե 2012թ. գարնանը տպագրված 1-ին կատալոգում ներկայացված էին 4 գործընկերների 117 ապրանքատեսակներ, ապա այս նոր կատալոգում ներկայացված են 27 գործընկերների 1777 ապրանքատեսակներ, որոնք կատալոգով հաճախորդները կարող են պատվիրել Հայփոստի ցանկացած բաժանմունքում: Մեկ տարվա ընթացքում հարմարավետության, մատչելի գների եւ մատուցվող բարձր ծառայության շնորհիվ Փոստմարկետի կատալոգային վաճառքներն աճել են ավելի քան 12 անգամ:
Նոր կատալոգում առանձնահատուկ կարեւորություն է տրված գրքերի վաճառքին եւ տարածմանը: Առանձին բաժին է <Գրքի ակումբը>, որտեղ ներկայացված գրականությունը հաճախորդին կհասցվի առանձնահատուկ մատչելի գներով:
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: 
Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play