2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի


2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի

  • 30-07-2013 11:34:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.  ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ զանգված արդեն լիովին ոռոգելի է դարձել:  
Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կանաչապատման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում անցած կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքները դեռևս շարունակվում են: 
Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  ևս 30-ի տեղադրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:  
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,  որ Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play