Այսօր <<Ավելի մաքուր Երևանն>> Ծիծեռնակաբերդի տարածքում էր


Այսօր <<Ավելի մաքուր Երևանն>> Ծիծեռնակաբերդի տարածքում էր

  • 03-08-2013 15:11:14   | Հայաստան  |  Տնտեսություն

Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին` հասարակական և երիտասարդական կազմակերպությունների, երկրապահ կամավորականների և վետերանների միության հարյուրավոր անդամներ, նաև զինծառայողներ ու քաղաքապետարանի ենթակայության տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ են մասնակցել <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի` շուրջ 110 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներին: 


Նկատելով տարածքում իրականացվող մաքրման աշխատանքները` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս հանպատրաստից որոշել էր մասնակցել Երևանն ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին:  Քաղաքապետարանի կողմից ապահովվել են մաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկա: 


Ծիծեռնակաբերդում շրջել և ընթացող աշխատանքներին տեղում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:  Ամփոփելով ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները` Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը աջակից բոլոր կառույցներին և կազմակերպություններին:


<<<<Ավելի մաքուր Երևան>> ծրագիրը երևանցիներին ուղղված կոչ է` ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ծառայում են բոլորին, ավելի մաքուր դարձնելու և ավելի մաքուր պահելու համար: Առաջիկայում նախատեսում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Հայորդաց տան հարակից, արդեն ծառապատ հատվածներում, նաև Արաբկիր վարչական շրջանի մանկական զբոսայգու և Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքներում: Այնուհետ աշխատանքներ կշարունակվեն մյուս վարչական շրջաններում>>,-ասել է Կամո Արեյանը: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր: <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրի շրջանակում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու, <<Կարմիր բլուր>> հնավայրի, <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի և <<Փարոս>> անտառպուրակի հարակից տարածքները:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play