Կանադական «MDA» ընկերությունը կմասնակցի ՀՀ արբանյակային ծրագրին


Կանադական «MDA» ընկերությունը կմասնակցի ՀՀ արբանյակային ծրագրին

  • 09-08-2013 16:15:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի  գլխավորած պատվիրակությունը  տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում  հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Կանադայում հանդիպում ունեցավ կանադական «MDA» ընկերության տնօրինու­թյան հետ։
«MDA» -ն  աշխարհում  արբանյակների կառուցման ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացրած ծրագրերի առումով, տիեզերական ռոբոտաշինության և արբանյակաշինության ծավալներով համարվում է  ոլորտի առավել փորձառու ընկերություններից մեկը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «MDA»-ի  նախագահ Մագ  Իսկանդերի միջև մինչ այդ տեղի էին ունեցել մի քանի հանդիպումներ Լոնդոնում և Երևանում , որի ընթացքում ձեռք էին  բերվել համատեղ աշխատանքի  պայմանավորվածություններ։
Կանադայում  տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվեցին  Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար ուղեծրային դիրքում դրա տեղադրման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը  ներկայացրեց  ծրագրի իրականացման ներկայիս փուլը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միություն (ՀՄՄ)։  Բացի այդ,  ՀՀ արբանյակային ծրագրերին հնարավոր մասնակցություն ցուցաբերելու նպատակով մի շարք միջազգային արբանյակային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել:
«MDA» ընկերության նախագահ Մագ Իսկանդերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրեց, որ մանրամասն ծանոթացել է Հայաստանի կողմից Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրո    ներկայացված  փաստաթղթերին, և  ընկերությունն իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի տիզերական ծրագրում անմիջական մասնակցություն ցուցաբերելու հարցում:
Այցի շրջանակներում  Գ. Բեգլարյանը հանդիպում ունեցավ նաև  Կանադայի պետական տիեզերական գործակալության նախագահ Ժիլե Լեկլերկի և Կանադայի արտահանման զարգացման գործակալության ռազմավարական գծով տնօրեն Ջոն Միլլերի հետ:
Նախարարին ներկայացվեցին գործակալության հիմնական գործառույթները: Նշվեց, որ  գործակալությունն իրականացնում է գիտական և նորարարական ուսումնասիրություններ, ծրագրերի և տիեզերական բնագավառի ռազմավարության մշակում, ինչպես նաև հանդիսանում է պետության կողմից հաստատված տիեզերական ծրագրերի պատվիրատու:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացում  Կանադայի արտահանման զարգացման գործակալության (EDC) տնօրինության հետ, քննարկվեցին  Հայաստանի տիեզերական ծրագրի նախագծի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները:
 
                                                    
 
                                                 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play