Մեկնարկել է Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան


Մեկնարկել է Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան

  • 09-08-2013 17:27:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել  Հայագիտական համահայկական 6-րդ  օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են 8 երկրներից ժամանած  150 դպրոցականներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին: "Օլիմպիադան արդեն դարձել է ավանդական միջոցոռում ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի դպրոցականների համար, ովքեր կարևոր առաքելություն ունեն պահպանելու հայ մարդու տեսակը`  անկախ երկրի գտնվելու աշխարհագրական դիրքից, վայրից ու հեռավորությունից: Նրանք  հայրենիք են եկել` իրենց ուժերն են չափելու արդեն վեցերորդ անգամ: Բոլորին ողջունում եմ և մաղթում հաջողություն",- բացման խոսքում նշել է Մ. Մկրտչյանը: 
Համահայկական 6-րդ օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ուղերձում մասնավորապես  նշվում է. "Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած հայագիտական համահայկական այս միջոցառումն աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում է միավորել այսքան երիտասարդների, ովքեր պատանեկան տարիքում կատարում են իրենց կյանքի առաջին կարևոր քայլերից մեկը, մասնակցում են ազգաճանաչողությանն ու հայ ինքնության բացահայտմանը նվիրված այս հետաքրքրական ստուգատեսին: Ձեր հետաքրքրությունը հայ ժողովրդի հարուստ մշակույթի, մեր գեղեցիկ լեզվի ու հերոսական պատմության նկատմամբ ոգևորիչ է: Այն դրական ազդակ է հաղորդում ձեր հազարավոր սերնդակիցներին, խթանում է նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ: Առաջիկա օրերին դուք հնարավորություն եք ստանալու գործնականում ապացուցել, որ ստացել եք համակողմանի գիտելիքներ: Այս դեպքում է տեղին նշելը, որ ձեզնից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու այնպիսի մրցակցությունում, որտեղ չկան պարտվողներ, որտեղից դուք կտանեք գիտելիքի նորացված պաշար և ձեռք կբերեք նոր ընկերներ: Հայաստանի կառավարության համար հայագիտության զարգացումը գիտական քաղաքականության ոլորտի առաջնայնություններից է: Մեր երկրում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով ստեղծել ենք վարչապետին առընթեր հատուկ խորհուրդ: Այս առումով օլիմպիադայի անցկացումն ամբողջովին համահունչ է մեր ծրագրերին: Մենք խրախուսելու ենք, որ դուք, մասնագիտական կողմնորոշո ւմն ընտրելիս, նախապատվությունը տաք հայագիտությանը: Հուսով եմ, որ օլիմպիադայի արդյունքում դուք էլ ավելի լավ կճանաչեք Հայաստանը և բոլորիս կուրախացնեք ձեր նորանոր հաջողություններով":
 Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կազմակերպում է  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ անցկացվելու  է նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը:  Օլիպիդան կանցկացվի օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում:
Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:    
Օլիմպիադային և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության և պատմության իմացության պահանջը մնում է ուժի մեջ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play