Կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին


Կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին

  • 02-09-2013 15:28:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Օժանդակեք Հայաստանին՝ աջակցելով հայալեզու դպրոցների բարելավմանը, այլ ոչ
թե հիմնելով օտարալեզու դպրոցներ. կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ
հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին:
 
Օտարալեզու դպրոցների բացումը նախատեսող 2010 թվականի օրենսդրական
տխրահռչակ փոփոխությունները չեն կարող ապահովել որակյալ կրթություն բոլոր
աշակերտների համար: Սահմանափակելով նման դպրոցների թիվը, այդ
փոփոխությունները հակասում են ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության
դեմ կոնվենցիային, որը պահանջում է «միջնակարգ կրթությունը` իր տարբեր
ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Բացի խտրականություն
սերմանելուց, նման դպրոցները օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի
վերածվելուն:
 
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում այլ երկրների կառավարություններին եւ
կազմակերպություններին զերծ մնալու Հայաստանում՝ ծագումով հայ
դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու
նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, կոչ ենք անում նրանց օժանդակելու
հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ,
քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ
խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր
է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու
զարգացումը:
 
Այդ օժանդակությունը կարող է լինել հետեւյալ ուղղություններով՝
 
ա) ցանկություն հայտնած դպրոցներում օտար երկրների պատմությանը կամ
մշակույթին վերաբերվող առարկաների՝ համապատասխան օտար լեզուներով
դասավանդման միջոցով՝ չտարածելով օտարալեզու դասավանդումը այլ հանրակրթական
առարկաների վրա,
 
բ) միջազգային փորձի կիրառման, այդ թվում՝ արդյունավետ կրթական
համակարգերի և դասավանդման եղանակների հայերեն թարգմանության միջոցով:
 
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կրթական գործընթացներին մասնակցող
կառավարությունները եւ կազմակերպությունները անհրաժեշտ պատասխանատվություն
կցուցաբերեն այս հարցում եւ կիրականացնեն իրենց ծրագրերը՝ բացառելով հայոց
լեզուն վտանգող միջամտությունները եւ նպաստելով որակյալ կրթության
հասանելիությանը բոլորի համար:
 
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play