Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվել է


Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվել է

  • 09-09-2013 14:47:28   | Վրաստան  |  Մշակույթ

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, Սուրբ Աստվածամոր  ծննդյան տոնին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի  Սուրբ Աստվածածին եկեղեցին: 
Փոքր  Դաղեթ գյուղը լեցուն էր  Թբիլիսիից և հարակից Մեծ Դաղեթ և Շամշուլդա գյուղերից ժամանած ուխտավորներով: Վիրահայոց թեմի առաջնորդը օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները,  Մկրտության ավազանը, Սրբապատկերները, որից հետո  Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Թեթրիծղարոյի և  Բոլնիսի շրջանների այցելու հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը  մատուցեց անդրանիկ Սուրբ Պատաարագը: 
Մեծ էր հավատացյալ  ժողովրդի ուրախությունը, ովքեր դեռ նախորդ օրվանից  պատրաստվել էին  և  հոգևոր ուրախությամբ Տեր Հոր ձեռքից ստացան անդրանիկ  Պատարագի հաղորդությունը: 
Դաղեթը,  Դաղեթ-Խաչենը, հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ՝ հարավ-արևելք: Գյուղը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը, 1789 թվականին։ Խաչենի շրջակայքում կան գյուղատեղիներ, մատուռներ, գերեզմանոցներ։  Գյուղն ունեցել է Սբ. Աստվածածին անվամբ քարաշեն, միջակ մեծությամբ եկեղեցի: Գյուղում կազմված է եղել հոգևոր դպրոցի հոգաբարձություն:
18-րդ դարում կառուցված եկեղեցին  տասնամյակներ շարունակ փակված էր և գտնվում էր  վթարային վիճակում, սակայն ծնունդով Դաղեթից,  ռուսաստանաբնակ Արսեն Ամիրխանյանի, Սեյրան Փերիխանյանի, Արտյոմ Առուշանյանի և Լևոն Կարախանյանի  բարերարությամբ  վերանորոգվեց  Աստծու տունը:  
Այս գողտրիկ  անկյունում, ներդաշնակ բնության  գեղեցկության հետ փոքրիկ եկեղեցում  Պատարագի մեղեդիները և շարականների երգեցողությունը  կարծես հավատքի և հույսի փրկություն տարածվելով՝ շուրջբոլորը   ստեղծեցին  խորհրդավոր բաց խաղաղություն: 
Հավարտ  Սրբազան Պատարագի  ուխտավորներին մատուցվեց ավանդական մատաղը և  տեղի ունեցավ  հյուրասիրություն: 
       
 
Հայ Առաքելական Ուղղափառ
Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ
Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն / 9 Սեպտեմբերի, 2013 թ.
 
Վիրահայոց թեմի մամլո դիվան 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play