Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը


Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

  • 09-09-2013 18:44:19   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և  Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն  Արա Գրիգորյանն  այսօր  Երևանի կոնյակի գործարարնի  Այգավանի մասնաճյուղում   մասնակցել են  խաղողի մթերման մեկնարկին:
 
 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. «Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուս գործարանները ևս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել է շուրջ 156 000 տոննա խաղող, իսկ այս տարի խաղողի մթերման պահանջարկը կազմում է ավելի քան 170 000 տոննա: Մի քանի մթերող ընկերություններ, այդ թվում` Երևանի կոնյակի գործարանը, հայտարարել են, որ պատրաստ են ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող: Այսպիսով, կարող ենք նշել, որ այս տարի խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան»:
 
Անդրադառնալով խաղողի արտադրման պահանջարկին` նախարարը նշել է, որ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է ավելի քան 241 000 տոննա խաղող: Այս տարի ևս կանխատեսվում է, որ կպահպանվեն արտադրման ծավալները:
 
Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի փոխանցմամբ՝ այս տարի գործարանը նախատեսում է մթերել 35000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն