ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ խմբակցությունների անդամների հետ
19-01-2011 19:08:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հունվարի 19-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները, հանձնաժողովի ներկայացրած զեկույցի ընդհանուր նկարագիրը: Հանձնաժողովի կատարած աշխատանքը դրական գնահատելով հրապարակայնության առումով, ԱԺ փոխնախագահը միաժամանակ նշել է, որ չնայած բազում փորձերին ընդդիմությունը չցանկացավ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Պատասխանելով Թ.Համմարբերգի այն հարցին, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավո՞ր չէ արդյոք նոր փաստեր գտնել, Ս.Նիկոյանը տեղեկացրել է, որ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց դրանք այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որեւէ եզրակացություն ներկայացնել:
Թ.Համմարբերգը խորհդարանում հանդիպել է քաղաքական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ Արտակ Զաքարյանի(ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի(ԲՀԿ) եւ Հովհաննես Մարգարյանի(Օրինաց երկիր) հետ:
Մարդու իրավունքների հանձնակատարի այցի օրակարգում երեք հիմնական հարցեր են ընդգրկվել` 2008թ.-ի մարտի 1-2-ի դեպքերին հետեւած զարգացումները, լրատվամիջոցների գործունեությանը եւ բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարտյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքներին: Ն.Զոհրաբյանը եւ Հ.Մարգարյանը, որպես ժամանակավոր հանձնաժողովի անդամներ, ներկայացրել են հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքները: Ն.Զոհրաբյանը նշել է, որ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը որդեգրել էր սկզբունք` իր գործունեության արդյունքում տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները` առանց քաղաքական շահարկումների:
Իսկ Հ.Մարգարյանը հանձնակատարի ուշադրությունը հրավիրել է ժամանակավոր հանձնաժողովի հրապարակային աշխատելաոճի վրա, երբ բոլոր քննարկումներին հրավիրվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Միաժամանակ, որպես կարեւոր հանգամանքներ, պատգամավորը նշել է հանձնաժողովում բոլոր որոշումները փոխհամաձայնությամբ ընդունելու, ինչպես նաեւ որոշ հարցերի պարզաբանման համար մասնագետներ ու փորձագետներ հրավիրելու մոտեցումները:
Ա.Զաքարյանի բնորոշմամբ, ընդդիմության որոշ հատված շահարկում է մարտի 1-2-ի իրադարձությունները, մինչդեռ կոալիցիան հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ: Նա իրավական ու օրենքներից բխող գնահատեց թե' մարտյան իրադարձություններին հետեւած ձերբակալությունները, եւ թե' ձերբակալվածների զգալի մասին ազատ արձակելը` համաներման եւ օրենսդրական այլ գործիքների միջոցով:
Կոալիցիան ներկայացնող պատգամավորները խոսել են նաեւ լրատվամիջոցների գործունեությանը ու մարդու իրավուքներին առնչվող օրենսդրական մի քանի փոփոխությունների մասին: Մասնավորապես նշվել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը, որը նախատեսվում է ընդունել գարնանային նստաշրջանում, եւ որը, եվրոպացի փորձագետների գնահատմամբ, լիբերալ է, զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը: Վերջինում, ըստ պատգամավորների, դեռ կան սողանցքներ, եւ այս առումով ողջունելի են համարել մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծումը:
Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, Թ.Համմարբերգի հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արտյուշ Շահբազյանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, խոսքի ազատությանը, ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլ հարցերի: Խոսքի ազատության խնդիրների եւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների առնչությամբ խմբակցությունը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ: Մարտիմեկյան դեպքերի հետագա մոնիտորինգի իրականացման համար ՀՅԴ-ն առաջարկել է ստեղծել առանձին վերահսկող հանձնաժողով, բայց խորհրդարանը որոշել է այդ գործառույթը վերապահել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման տեսանկյունից ՀՅԴ-ն պատրաստ է առաջարկներ ներկայացնել` զինված ուժերում ստեղծված իրադրությունը բարելավելու համար:
Նույն օրը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Նրանք Թ.Համմարբերգի խնդրանքով անդրադարձել են 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններին, դրանց հաջորդած դատավարություններին եւ ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներին: Զ.Փոստանջյանը եւ Ա.Մարտիրոսյանը իրենց տեսակետներն են ներկայացրել նաեւ խոսքի ազատության, ՀՌԱՀ-ի գործունեության եւ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ: