Թոմաս Համարբերգ. «Հաճախ ավելի արդյունավետ է ազատազրկման փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունված է Եվրոպայում»<br />


Թոմաս Համարբերգ. «Հաճախ ավելի արդյունավետ է ազատազրկման փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունված է Եվրոպայում»

  • 19-01-2011 18:26:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հունվարի 19-ի հանդիպման ընթացքում քննարկվել են թե' համակարգում առկա խնդիրները, թե' այն ուղղություններն ու քայլերը, որոնք ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները, եւ թե' մարտիմեկյան իրադարձություններին հետեւած գործընթացները: Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին նախարարը տեղեկացրել է, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդունելով քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ արդարադատության նախարարի մտահոգություններն ու մոտեցումները, նկատել է, որ իր կարծիքով էլ բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց: «Հաճախ ճիշտ եւ ավելի արդյունավետ է ազատազրկման փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունված է Եվրոպայում: Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է»,- նշել է Թ.Համարբերգը: Հ.Թովմասյանը մարդու իրավունքների հանձնակատարին տեղեկացրել է այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների (քրեական դատավարության եւ ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք) մասին: Անդրադառնալով դատական համակրգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ներառված դիտարկումները դատավարությունների ընթացքի եւ տեղ գտած թերությունների վերաբերյալ: Նախարարը հայտնել է, որ քրեական դատավարության մասին նոր օրենքը եւ մյուս օրենսդրական ակտերը մշակվում են հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները: Կողմերն անդրադարձել են նաեւ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններից հետո դատապարտված եւ առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին: Նախարարը տեղեկացրել է Թ.Համարբերգին, որ մարտիմեկյան իրադարձությունները եւ դրան հաջորդած գործընթացները պարզորոշ ցուցադրեցին այն բոլոր խութերը, որ կան դատական, ոստիկանական համակարգում, եւ նախարարի խնդիրն է գտնել եւ վերացնել դրանք ծնող օրենսդրական պատճառները:
Նոյյան տապան  -   Իրավունք