Միգրացիայի համաշխարհային խումբը կոչ է անում պաշտպանել բոլոր միգրանտների իրավունքները


Միգրացիայի համաշխարհային խումբը կոչ է անում պաշտպանել բոլոր միգրանտների իրավունքները

  • 04-10-2013 13:38:31   | Հայաստան  |  Հասարակություն
Միգրացիայի համաշխարհային խումբը (ՄՀԽ) կոչ է անում պաշտպանել և իրացնել բոլոր միգրանտների իրավունքները՝ դարձնելով միգրացիան անվտանգ, արդյունավետ և նպաստավոր երևույթ միգրանտների և նրանց ընտանիքների համար: 
Հոկտեմբերի 3-ից 4-ը Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Միջազգային միգրացիայի և զարգացման հարցերին նվիրված բարձրաստիճան երկխոսության առթիվ՝ ՄՀԽ-ն հայտարարեց, որ «միգրացիայի զարգացման ներուժը չի կարող իրացվել առանց բոլոր միգրանտների մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանության՝ անկախ նրանց կարգավիճակից»:  
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև արված հայտարարությունում ՄՀԽ-ի ներկայիս նախագահ և Միգրացիայի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգն ընդգծեց, որ միգրանտները միգրացիայի և զարգացման շուրջ ծավալվող բանավեճի գլխավոր մասնակիցներն են: «Միգրանտները ո՛չ ապրանք են, ո՛չ էլ արտադրական գործոն: Նրանք մայրեր ու հայրեր են, ովքեր ավելի լավ կյանք են փնտրում իրենց ընտանիքների համար: Նրանք երիտասարդներ են, ովքեր գործի են դնում իրենց տաղանդը սեփական երազանքներն ու իղձերը կյանքի կոչելու համար: Նրանք անհատներ են, ովքեր փորձում են փրկվել խտրականությունից, աղքատությունից և հակամարտություններից: Նրանք մեր հարևաններն են, ազգականները, ընկերները, գործատուները կամ գործընկերները»:
ՄՀԽ-ն առաջարկեց Բարձրաստիճան երկխոսությանը ներկա հանդիսատեսին պատկերացնել մի ապագա, որտեղ միգրանտների իրավունքները կպաշտպանվեն և կիրացվեն ավելի լավ, որտեղ միգրացիոն քաղաքականությունը և զարգացման ծրագրերի մշակումն ավելի լավ կապակցված կլինի, որտեղ պետությունները և այլ դերակատարներն ավելի սերտորեն կհամագործակցեն միգրացիային առնչվող հարցերում՝ այսպիսով փաստարկներ բերելով, որ հենց դրանք են այն կարևոր պայմանները, որոնք անհրաժեշտ են միգրացիայի վրա մարդկային զարգացման ազդեցությունը  բարելավելու համար՝ ի շահ միգրանտների, ինչպես նաև ծագման և նպատակակետ երկրների: 
Ըստ ՄՀԽ-ի՝ միջազգային միգրացիայի կատարելագործված և իրավունքների վրա հիմնված կառավարման կարևորագույն բաղադրիչներից են՝ օրինական միգրացիայի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծումը, միգրանտների շահագործման, չարաշահման և խտրականության դեմ ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև միգրացիան որպես զարգացման նոր համաշխարհային գործընկերության մաս կազմող իրողություն դիտարկելու պատրաստակամությունը: 
Միգրացիայի և զարգացման վերաբերյալ իր առանձին դիրքորոշման հուշագրում ՄՀԽ-ն մի շարք գործնական հանձնարարականներ է ներկայացնում միջազգային  Բարձրաստիճան երկխոսությանը՝ սահմանելով հստակ թիրախներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի չափագրել այն առանցքային հարցերի առաջխաղացումը, որոնք քննարկման առարկա դարձան ամբողջ աշխարհից ժամանած իրենց երկրներում որոշում կայացնողների երկօրյա հանդիպման շրջանակներում: 
Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կբացի ՄՀԽ-ի կազմակերպած մեկ այլ առանձին միջոցառում, որտեղ Բարձրաստիճան երկխոսության մասնակիցների հետ կքննարկվեն խմբի աշխատանքը, առաջնահերթությունները և ապագա ուղղությունները:   
 
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եք դիմել Նյուրկա Պինյերոին՝ [email protected]:  
Միջազգային միգրացիայի և զարգացման վերաբերյալ ՄՀԽ-ի դիրքորոշման հուշագրին ծանոթանալու և խմբի աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ կայքէջը՝ http://www.globalmigrationgroup.org/:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն